Հակասահմանադրական ճանապարհով գնալը հղի է լուրջ խնդիրներով. Դավիթ Հարությունյանը՝ հանրաքվեի մասին
Եթե հանրաքվեի արդյունքում Սահմանադրական դատարանի 7 դատավորների պաշտոնավարումը դադարեցվեց, մենք դեռ երկար ժամանակ տեսնելու ենք դրա բացասական հետևանքները, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, աշխարհում չկա մի դատարան, որի կազմը ամբողջությամբ փոխվում է, հակառակ դեպքում անկայունություն է ստեղծվում:
«ՍԴ դատավորները նշանակվում են ուղիղ 12 տարով և ուղիղ 12 տարի հետո խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կփոխի ամբողջ դատարանի կազմը, կհայտնվեն 12 նոր դատավորներ՝ ընտրված օրվա քաղաքական մեծամասնության կողմից։ Դուք չեք գտնի աշխարհում որևէ դատարան, որի կազմը ամբողջովին միանգամից փոխվում է։ Չեք գտնի մեկ պատճառով, որովհետև դա ստեղծում է ոչ միայն անկայություն, գալիս են բացարձակապես ինստիտուցիոնալ հիշողություն չունեցող անձինք և այլն: Դատական իշխանության առանձնահատկությունը հենց դա է, որ անդամները փոխվում են ժամանակի ընթացքում և միանգամից երբևէ չեն նշանակվում, որ կարողանան ապահովել բալանսավորումը»,- նշեց Հարությունյանը։
Կատարվող փոփոխություններով, ըստ նախկին պաշտոնյայի, դրված է մի գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան, և այդ գերխնդրի համար իշխանությունը մարդկանց ստիպում է անել հապճեպ և չմտածված քայլեր, որոնք շատ լուրջ խնդիրներ կառաջացնեն Հայաստանի համար:
Նրա խոսքով՝ Եվրոպական կառույցին անդամակցելը և լինելը մեծ ընտանիքի անդամ, ենթադրում է խաղի որոշակի կանոններ, և այդ խաղի կանոնները չպահպանելն այդպիսի կառույցում անշուշտ սասանելու է Հայաստանի հեղինակությունը:
«Կարծում եմ՝ ամենալուրջ խնդիրը դա չէ, իհարկե, պետք է ուշադրություն դարձենք և շատ կարևորենք եվրոպական կառույցների կարծիքը, բայց եթե գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի վտանգավոր է մեզ համար, մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումը եվրոպական կառույցներում: Պիտի գիտակցենք, որ սա մեր խնդիրն է, և եթե մենք գնում ենք մի ճանապարհով, որը հակասահմանադրական է, ապա այն հղի է այնքան լուրջ խնդիրներով, որ մենք այսօր անգամ կարող ենք չգիտակցել»,- նշեց Դավիթ Հարությունյանը