շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հակառուսական հիստերիայի պատճառն այն է, որ Փաշինյանը հետո կարողանա ասել՝ այս ամենի մեղավորը ռուսներն են. Թևանյան

Հակառուսական հիստերիայի պատճառն այն է, որ Փաշինյանը հետո կարողանա ասել՝ այս ամենի մեղավորը ռուսներն են. Թևանյան

Հակառուսական հիստերիան հրահրվում է բացառապես մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Այդ հակառուսական հիստերիայի պատճառն այն է, որ ինքը հետագայում հնարավորություն ստանա հայտարարելու, որ այս ամենի մեղավորը ռուսներն են: Ինքը շատ լավ գիտի, թե ինչ ավերածություններ է բերելու Հայաստանի գլխին, որի համեմատ 44-օրյա պատերազմի հետեւանքները կարող են մանր խաղեր թվալ:

Եթե վաշինգտոնյան մոդելը լինի, այսինքն Հայաստանի նախաձեռնությամբ Ղարաբաղը հանձնվի Ադրբեջանին, դա նշանակում է, որ ռուս խաղաղապահները դուրս են գալիս Արցախից, հաջորդ քայլով արդեն ռուսական ռազմաբազան դուրս է գալու Գյումրիից: Դրանից հետո թուրքական զորքերի մուտքը Հայաստան դառնալու է տեխնիկայի հարց: Եթե կարծում ենք, որ այլ տեղերից անվտանգության երաշխիքներ կտան, դա սուտ է: Կլինեն հայտարարություններ, արցունքներ, թվիթերյան գրառումներ, նույնիսկ կարող են ՄԱԿ-ի կողմից բանաձեւերի ընդունվել, բայց դրանից ավելի որեւէ քայլ չի անելու Արեւմուտքը: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մուտքը մեր տարածաշրջան Արեւմուտքի համար ամենաընդունելի տարբերակն է»,-ասաց նա:

Թեւանյանի խոսքով, մենք Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հայտնվել ենք Արեւմուտք-Ռուսաստան բախման կիզակետում եւ տեղի է ունենում Հայաստանի ուկրաինացում,  իսկ դա նշանակում է, որ Երեւանը կարող է վերածվել Դոնեցկի, Լուգանսկի, Հալեպի եւ այլն:

  • Կիսվել: