շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հակակոռուպցիոն ոլորտում թեկուզ ոչ շատ մեծ նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է. վարչապետ

Հակակոռուպցիոն ոլորտում թեկուզ ոչ շատ մեծ նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է. վարչապետ

Օրեր առաջ հրապարակվեց Тransparency International կազմակերպության Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022 զեկույցը. համաձայն որի՝ ՀՀ-ն այս վարկանիշում որոշակի նահանջ է գրանցել:

Тransparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Կառավարության նիստում ներկայացրեց, թե ինչ է այդ ցուցիչը:

Հոկտանյանի պարզաբանմամբ՝ ցուցիչը միայն հանրային սեկտորի կոռուպցիան է ցույց տալիս, մասնավոր սեկտորը չի դիտարկվում:

«Դա Тransparency International-ը ինքը չէ, որ հաշվարկում է: Հայաստանի դեպքում 6 աղբյուր կա, որոնք ընդգրկում են Հայաստանն իրենց ուսումնասիրություններում, հանվում է միջին թվաբանականը, որը հենց այդ ցուցիչն է»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

Անդրադառնալով Հայաստանի դինամիկային՝ նա նշեց, որ մինչև 2012-2018 թվականը ցուցիչը տատանվում էր 33-35-ի միջև, դրանից հետո, փաստորեն, 2019 թվականին միանգամից 42 բարձրացավ, 2020-ի արդյունքներով ևս 7 միավոր ավելացավ:

«Այդ տարբերությամբ 2012-2020 թվականներին Հայաստանն առաջին տեղում էր ամբողջ աշխարհում. այդ աճը շատ տպավորիչ էր: Հաջորդ տարի՝ 2021 թվականին, ցուցչի աճը կանգնեց, իսկ այս տարի նահանջեց: Վիճակագրորեն զգալի չէ այդպիսի ինչ-որ խնդիր, որ լուրջ իրավիճակ է. այդպես չէ, բայց անհանգստանալու կարիք կա»,- ասաց նա:

Վեց աղբյուրի ուսումնասիրությունների դիտարկումը ցույց է տվել, որ նահանջի մոտավորապես 75 տոկոսը տվել է Համաշխարհային տնտեսական ֆորումը. դրանք հիմնականում 2 տիպի հարցեր են, առաջինը՝ բիզնեսները որքան են ապօրինի վճարումներ կատարում պետական տարբեր ծառայություններ՝ հարկային մաքսային, լիցենզիաներ, կոմունալ վճարումներ. կա՞ այդ երևույթը, թե՞ ոչ, երկրորդ հարցը, որ նույնպես համաշխարհային տնտեսական ֆորումը դիտարկում է, այն է, թե հանրային միջոցները որքանով են ուղղվում ոչ օրինական ձևով մասնավորին՝ գնումների և այլ գործընթացների միջոցով:

«Ուզում եմ ընդգծել, որ ինձ համար և մեզ համար բացարձակապես անընդունելի է նման հետընթացը և առաջընթացի բացակայությունը, և այս կոնկրետ իրավիճակը շատ խոր պետք է ուսումնասիրվի հակակոռուպցիոն մեր քաղաքականության ռազմավարության տեսակետից, և պետք է հասկանանք, թե ինչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի Հայաստանը շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում հայտնվել:

Մենք պետք է արձանագրենք մեր քաղաքական կամքը, բայց նաև պիտի ցավով ասեմ, որ քաղաքական կամքը միշտ չէ, որ բերում է կոնկրետ արդյունքների:

Այո՛, մենք դատական համակարգում էլ խնդիրներ ունենք, և վերջին օրերին քննարկումներ կային ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որ գլխավոր դատախազն ԱԺ էր մտել:

Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցն ինձ էլ հետաքրքրեց, որ կան գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է: Ես հասկացա, որ գործնական առումով միշտ չէ, որ դա նշանակում է, որ որևէ որ մեկը ուղղակի քրեական պատասխանատվությունից կարող է խուսափել:

Հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչու է անցել վաղեմության ժամկետը, որովհետև քննությունները որոշ դեպքերում ուղղակի ձգձգվում են, տևում են տարիներ: Մենք տեսնում ենք, որ արդեն դատարան գնացած գործերն են ձգձգվում: Սա կոմպլեքս խնդիր է. իհարկե, մենք դատական համակարգի անկախության խնդիր չունենք, բայց այս հարցերը մեզ անհանգստացնում են»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է կոռուպցիային, վարչապետն ասաց հետևյալը. «Այն որ տարբեր օղակներում ունենք կոռուպցիա, մենք ուրիշ տեղից չգիտենք, դա գիտենք մեր արած բացահայտումներից. ամենատարբեր օղակներում վերջին շրջանում շատ աղմկոտ գործեր ենք բացահայտել: Բայց մեր խնդիրն այն չէ, որ կոռուպցիան ծավալվի, մենք էլ հետևից վազելով սկսենք բռնել, ձերբակալել: Դրա համար էլ Հայաստանում ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»:

Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ նշեց, որ իրենց համադրումների շրջանակներում հետաքրքիր միտում է նկատվել: «2018 թվականից հետո իրականացված հարցումները քաղաքացիների շրջանում կոռուպցիայի ընկալման մասով վեր են հանում մի հետաքրքիր խնդիր: Կոռուպցիայի որական ընկալումը փոփոխության է ենթարկվել նաև քաղաքացիների շրջանում: Եթե, օրինակ, նախկինում, հարցման արդյունքներով, քաղաքացիները որպես կոռուպցիա դիտարկում էին կաշառքը, հիմա կաշառքը՝ որպես կոռուպցիոն դրսևորում, էականորեն զիջել է այնպիսի ընկալման, ինչպիսին հովանավորչություն է:

Քաղաքացիների պահանջատիրությունն իսկապես հենց լավ և արդյունավետ կառավարման նկատմամբ մեծացել է, ինչը ենթադրում է, որ արդեն որակական առումով մեզնից պահանջվում են այլ տեսակի գործողություններ: Բիզնեսի սերտաճման հետ հանրային տեսանկյունից անհանդուրժելի է բիզնես և պետական պաշտոն զբաղեցնելու համադրությունը:

Այս տեսակի երևույթներ քաղաքացիական ընկալման շրջանակներում նախկինում չեն եղել, և սա որակական տեսանկյունից արդեն կոռուպցիայի դեմ պայքարի նոր ուղղություն է և նոր որակական պահանջներ է առաջադրում: Սա նշանակում է, որ առաջիկա ռազմավարության շրջանակներում մենք պիտի ավելի շատ շեշտադրումներ ունենանք ինստիտուցիոնալ համակարգերի նկատմամբ և կարողանանք փոխզսպումների և հակակշիռների բալանսն ապահովել»,- ասաց նա:

  • Կիսվել: