հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀԱԿ-ում արդեն ցուցակն են քննարկում. «Հրապարակ»

ՀԱԿ-ում արդեն ցուցակն են քննարկում. «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․ «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համագումարում հայտարարեց, որ նախընտրական ցուցակը կգլխավորի ինքը: «Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ՝ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը»,- ասաց նա: Անկասկած է, որ վարչությունը դրական որոշում կկայացնի, ավելին, տեւական ժամանակ է՝ ընտրացուցակի շուրջ բանակցություններ են ընթանում տարբեր մարդկանց հետ։

Կոնգրեսից վստահեցնում են, որ ինչպես նորընտիր վարչությունում, այնպես էլ ցուցակում սերնդափոխությունն աներկբա է։ Իհարկե, հին գվարդիան՝ ի դեմս Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, եւս ներկայացված կլինի, սակայն առաջին տասնյակում կտեղավորեն միջին եւ երիտասարդ սերնդին։ Կանանց քվոտան լրացնելու համար քննարկվում են iLur-ի խմբագիր Քրիստինե Խանումյանի, վարչության նոր անդամ Տաթեւ Զորյանի անունները։ Գուցե ցուցակում լինի նաեւ Տեր-Պետրոսյանի հավատարիմ խոսնակ Արման Մուսինյանի անունը։ Բանակցում են «Չէին սպասում» հաղորդաշարի հեղինակ Սուրեն Շահվերդյանի հետ, ում  հայրը՝ Վահե Շահվերդյանը, Տեր-Պետրոսյանի վաղեմի ընկերն է։ Մեր հարցից Սուրենն անակնկալի եկավ, փորձեց ճշտել, թե որտեղից մեզ ինֆորմացիան, ապա որոշեց ընդհատել զրույցը, ինչ-որ ճշտումներ անել, նոր հետ զանգել։ Եվ փոխանցեց հետեւյալը․

«Ես Ձեզնից առաջին անգամ եմ նման բան լսում»։ Մենք, առհասարակ, առաջին անգամ ենք զրուցում, իսկ ընդհանրապես՝ կա՞ն բանակցություններ։ «Ես ուզում եմ ճշտել՝ ո՞վ է նման բան ասել Ձեզ։ Երբ նման բանակցություններ լինեն, ես կխոսեմ»։ Շահվերդյանն ասաց՝ դեմ չէ քաղաքականություն մտնելուն, իսկ ՀԱԿ-ի գաղափարները կիսում է․ «Այդ հարցին չեմ կարող քոմենթ տալ»։

Ի դեպ, կիրակի օրը ՀԱԿ համագումարին ներկա է եղել նաեւ Փաշինյանի կառավարության նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ով Գոգյանի հետ հայտնի սկանդալներից հետո պաշտոնանկ արվեց։ Թամրազյանը ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանի մտերիմներից է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: