հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հաղորդակցության պատմական ուղիները պետք է պահպանվեն, աշխարհաքաղաքական փոփոխություններն անթույլատրելի են.Իրանի ԱԳ նախարար

Հաղորդակցության պատմական ուղիները պետք է պահպանվեն, աշխարհաքաղաքական փոփոխություններն անթույլատրելի են.Իրանի ԱԳ նախարար

Հայաստանի հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում ընթացող զարգացումներում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլատրելիության կարևորությունը։

Իրանի դեսպանությունից հայտնում են, որ Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար դոկտոր Ամիր Աբդոլլահիանը Դավոսի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում և քննարկում է ունեցել Հայաստանի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Անդրադառնալով Հայաստան կատարած իր վերջին այցին, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ ունեցած հանդիպումներին ու քննարկումների՝ Իրանի արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ Հայաստանը կարևոր և հատուկ տեղ է զբաղեցնում Իրանի՝ հարևան երկրների հետ ունեցած քաղաքականության մեջ։

Հիշատակելով երկու ժողովուրդների միջև առկա սերտ հարաբերությունները՝ Ամիր Աբդոլլահիանը նշել է․ «Մեր գնահատականն այն է, որ երկու երկրների հարաբերություններն առաջընթաց են ապրում, և այդ հարաբերությունների ամրապնդումն ապահովում է երկու ժողովուրդների շահերը»։

Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարը կարևոր է համարել կայունության և անվտանգության պահպանումը Կովկասի տարածաշրջանում և ընդգծել․ «Մենք միշտ աջակցել ենք Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններին և գտնում ենք, որ տարածաշրջանում կայունության պետք է հասնենք տարածաշրջանային լուծումների միջոցով»։

Նա հատկապես շեշտել է Կովկասում ընթացող զարգացումներում հաղորդակցային պատմական ուղիների պահպանման կարևորությունը և աշխարհաքաղաքական փոփոխությունների անթույլտրելիությունը։

Ամիր Աբդոլլահիանը, անդրադառնալով հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից Հայաստանին տրված լավ հարևան կոչումին, նշել է․ «Մենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում որևէ սահմանափակում չունենք»։

Հայաստանի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնելով իր գոհունակությունը երկու երկրների բարեկամական և կառուցողական հարաբերությունների նկատմամբ, ընդգծել է երկու ժողովուրդների պատմական կապերը և բարեկամական հարաբերությունների ու երկկողմ համագործակցության ընդլայնման գործում դրանց ազդեցությունը և դրական դերը։ Նա հատկապես նշել է․ «Այս բարեկամությունը պետք է փոխանցվի երկու երկրների ապագա սերունդներին»։

Հայաստանի հանրապետության նախագահը կոչ է արել ամրապնդել երկու երկրների մասնավոր հատվածների և ընկերությունների միջև համագործակցությունը։ Նա նաև կարևոր է համարել փոխադրումների ու տարանցման ոլորտում երկու երկրների համագործակցության ամրապնդումը։

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացին։

  • Կիսվել: