երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գյումրու քաղաքապետը հրաժարական չի տալու․ «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար

Գյումրու քաղաքապետը հրաժարական չի տալու․ «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաք Գյումրիի համայնքապետարանում արդեն երկրորդ օրն է աշխատանքը պարալիզացված է։ Համայնքապետարանի ՔՊ-ական պաշտոնյաները հրաժարականների դիմումներ են ներկայացրել ու հեռացել աշխատավայրից այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը։ Գյումրիում կայացած վերջին ընտրություններում ՔՊ-ն պարտվել էր, սակայն կնքված հուշագրով քաղաքապետի պաշտոնը բաժին էր հասել «Բալասանյան դաշինքին», իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը ստացել էր երկու փոխքաղաքապետերի պաշտոնները։

Իշխանական շրջանակներից ասում են՝ ՔՊ-ն որոշել է «խարդախ» ճանապարհով վերցնել նաեւ Գյումրու քաղաքապետի պաշտոնը։ Մինչ ՔՊ-ն ծրագրեր է կազմում Գյումրու քաղաքապետի աթոռն էլ վերցնելու համար, «Բալասանյան դաշինքից» վստահեցնում են՝ քաղաքապետը հրաժարական չի տալու։

«Վարդգես Սամսոնյանը հրաժարական չի տալու, չկա նման բան»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է «Բալասանյան Դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը։

Արդյոք ՔՊ-ն ավագանու իր 11 մանդատով կհաջողի՞, եթե քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահության գործընթաց սկսի՝ ներգրավելով մյուս խմբակցությունների ավագանու անդամներին․ Հովհաննիսյանն ասել է՝ չգիտի, չի կարող ասել։ 

«Բալասանյան դաշինքի» խմբակցության ղեկավարը նշել է, որ Գյումրու ավագանու «Ապրելու երկիր», «Զարթոնք» եւ «Հանրապետություն» խմբակցություններին կոալիցիա կազմելու առաջարակ անելու որոշում այս պահին չունեն։ 

Գյումրու ավագանին ունի 33 մանդատ, քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար ՔՊ-ն ունի 11 մանդատ, իսկ անհրաժեշտ է 17-ը։

Ի՞նչ տեղի կունենա դեկտեմբերի 13-ին հրավիրված ավագանու նիստին, դեռեւս պարզ չէ։ Հովհաննիսյանը միայն ասել է՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց չկա։ 

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ն փորձելու է կամ Ալավերդու «օպերացիան» իրականացնել՝ տարբեր մեթոդներով համոզելով մյուս խմբակցությունների ավագանու անդամներին միանալ քաղաքապետին «գահընկեց» անելու գործընթացին, կամ կալանավորելու սպառնալիքի ներքո ստիպել Սամսոնյանին հրաժարական տալ, ինչպես օրինակ՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի դեպքում։

  • Կիսվել: