ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Գումարվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը անդրանիկ նիստը

Գումարվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը անդրանիկ նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Արայիկ Հարությունյանը: Այ մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Նիստի օրակարգում ընդգրկված էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն: Անդրադառնալով քննարկվող հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ արդեն իրականացվել են մի շարք հանրային քննարկումներ:

«Ներկայում մենք հավաքագրում ենք բոլոր առաջարկությունները և դիտողությունները և համապատասխան փոփոխություններ իրականացնում, եթե դրանք բխում են օրենքի ընդհանուր տրամաբանությունից: Բացի այդ, մենք իրականացրել ենք նաև մի շարք փոփոխություններ, որոնք նախկինում հաշվի չենք առել, հետևաբար կարևորում ենք այսօրինակ քննարկումները»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը և օրենքի հիմնական նորամուծությունները և փոփոխությունները, այն է՝ բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «առկա կամ հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում, ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում և այլն։ Սամվել Կարաբեկյանը անդրադարձել է նաև հայագիտական առարկաներին՝ ընդգծելով, որ օրենքի նախագծի համաձայն՝ անկախ որ բուհ է ընդունվում ուսանողը, եթե նա ՀՀ քաղաքացի է, ապա պարտավոր է ունենալ միասնական համակարգով անցկացվող «Հայոց լեզու» առարկայի հանձնման հավաստագիր՝ անկախ մասնագիտությունից:

Բանախոսի ելույթից հետո խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին և հիմնական զեկուցողին, որոնք, մասնավորապես, վերաբերել են կառավարման խորհուրդներում ուսանողների ներգրավվածության, հեռավոր բնակավայրերի ուսանողների համար հավասար իրավունքների ապահովման, ակադեմիական ազատությունների, ռեկտորի թափուր պաշտոնին ներկայացվող պահանջների, օտարերկրացիների ուսումնառության, դոկտորանտուրայի, հեռավար ուսուցման, կրթություն-աշխատաշուկա կապի ապահովման և ոչ ֆորմալ կրթության ապահովման խնդիրներին: Նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարության պատասխանատուները մանրամասն պատախանել են խորհրդի անդամներին հուզող  բոլոր հարցերին: Նիստի ավարտին Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին շահագրգիռ քննարկման համար՝ համոզմունք հայտնելով, որ հասարակական խորհրդի հաջորդ նիստերին կքննարկվեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների նոր բարեփոխումները:

  • Կիսվել: