Գործընթացը բարդ է և ժամանակ է պահանջում․ Էստոնիայի ԱԳ նախարարը՝ գերիների վերադարձի խնդրի մասին
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և չլուծված հումանիտար հարցերին։
«Բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել, ժամանակ է պետք, շատ բարդ խնդիրներ են»,-ընդգծեց Ցահքնան՝ պատասխանելով Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հարցին։
Նա միաժամանակ խաղաղության գործընթացը գնահատել է որպես կարևոր առաջընթաց։
«Սա հսկայական և պատմական քայլ առաջ է Հայաստանի և Ադրբեջանի համար»,-ասաց նա։
Էստոնիայի ԱԳ նախարարի խոսքով՝ ընթացող գործընթացը իրական է և կարող է հիմք դառնալ տարածաշրջանի ապագայի համար։
«Խաղաղության ընթացքը իրական է և ընթացիկ է, սա ապագա է կերտում հայ ժողովրդի համար»,-նշեց նա։
Ցահքնան նաև ընդգծեց, որ խաղաղությունը նախապայման է հետագա զարգացման համար՝ հավելելով, որ հույս ունի՝ գործընթացը կհանգեցնի երկարաժամկետ և արդարացի խաղաղության հաստատմանը։


