հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գործնականում ՀԱՊԿ-ի արդյունավետությունը հաստատվել է 2022 թվականի հունվարին Ղազախստանում իրականացված խաղաղապահների գործունեությամբ․ Վոլոդին

Գործնականում ՀԱՊԿ-ի արդյունավետությունը հաստատվել է 2022 թվականի հունվարին Ղազախստանում իրականացված խաղաղապահների գործունեությամբ․ Վոլոդին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  ստեղծման մասին անդամ երկրների ղեկավարների որոշումը թույլ է տվել Եվրասիական տարածքում ձևավորել միջպետական փոխգործակցության արդյունավետ համակարգ, որն օգնում է դիմակայել մարտահրավերներին և սպառնալիքներին:  Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին այս մասին հայտարարեց  ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Վոլոդինը հիշեցրեց, որ խորհրդի նիստն անցնում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի համատեքստում։

 «Մենք առաջին անգամ համավարակից հետո հավաքվում ենք միասին այստեղ՝ Երևանում, առկա ձևաչափով։ Եվ, իհարկե, մեզ համար շատ կարևոր է, որ հետագայում մենք ևս նման ձևաչափով հավաքվենք՝ հնարավորություն ունենալով իրար աչքերին նայել, կլոր սեղանի շուրջ քննարկել հարցեր և շփվել, որովհետև ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի համար շատ կարևոր է վստահությունը, իսկ առանց շփման վստահության հասնել հնարավոր չէ։  Նաև կարևոր է վստահության հիման վրա ամեն ինչ անել զարգացնելու  երկրները, որոնք մենք ներկայացնում ենք»,- ասաց Վոլոդինը։

Վոլոդինն ընդգծեց, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն իր ներդրումն է բերում պետությունների անվտանգության ու ինքնիշխանության ապահովման գործում։

«Մեր գլխավոր խնդիրն ազգային օրենսդրությունների մերձեցումն ու ներդաշնակեցումն է», - ավելացրեց ՀԱՊԿ ԽՎ նախագահը։

Վոլոդինը հիշեցրեց նաև, որ ՀԱՊԿ-ի ողջ աշխատանքի ընթացքում ընդունվել են 72 օրենք և առաջարկություններ, որոնք վերաբերում են ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, կազմակերպված հանցագործությանը, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, ռազմատեխնիկական համագործակցության ապահովմանը, հումանիտար օգնության ցուցաբերմանը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահի խոսքով ՝ գործնականում ՀԱՊԿ-ի արդյունավետությունը հաստատվել է 2022 թվականի հունվարին Ղազախստանի Հանրապետությունում իրականացված խաղաղապահների գործունեությամբ։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունները, որոնց կազմի մեջ են մտել բոլոր անդամ պետությունների ստորաբաժանումները, Ղազախստանի իրավապահ մարմիններին թույլ են տվել ուժերը կենտրոնացնել իրավական կարգի վերականգնման եւ երկրի անվտանգության համար սպառնալիքների վերացման վրա»,-հավելեց Վյաչեսլավ Վոլոդինը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի կարծիքով՝ այդ փորձի հիման վրա անհրաժեշտ է շարունակել աշխատանքը ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի կատարելագործման ուղղությամբ:

  • Կիսվել: