հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գործադիրը հաստատեց վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված ապօրինի գույքի կառավարման կարգը

Գործադիրը հաստատեց վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված ապօրինի գույքի կառավարման կարգը

Կառավարությունը հաստատեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը և հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունման արդյունքում կկանոնակարգվեն պետության տիրապետությանը հանձնված գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու հետ կապված հարաբերությունները և կսահմանվի հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձև։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բացառիկ դեպքերում, գործի քննության առանձնահատկություններից ելնելով, դատարանը, կիրառելով հայցի ապահովում, որոշում է կայացնում գույքը հանձնել պետության տիրապետությանը, ապա տվյալ գույքի կառավարումը և պահպանումն իրականացնում է պետությունը։

Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ եթե գույքի արժեքի պահպանման համար անհրաժեշտ է ապահովել դրա մասնագիտացված ընթացիկ կառավարում, ապա պետությունը կարող է տվյալ գույքը հանձնել հավատարմագրային կառավարման։

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորմամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գույքի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգը»,- ասված է հիմնավորման մեջ։

  • Կիսվել: