չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
«Գլոբբինգը» հերքում է իր կայքի վրա հաքերային հարձակման մասին լուրերը

«Գլոբբինգը» հերքում է իր կայքի վրա հաքերային հարձակման մասին լուրերը

«Գլոբբինգը» հերքում է իր կայքի վրա հաքերային հարձակման մասին լուրերը։ Ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի հաճախորդներ, համացանցում լուրեր են շրջանառվում առ այն, որ եղել է տվյալների արտահոսք։

Լինելով առաջատար ընկերություն և ունենալով ամենամեծ տվյալների պահոցներից մեկը Հայաստանում, գումարի կորզման փորձեր և սպառնալիքներ ստանալը արտառոց երևույթ չէ մեզ համար, ինչպես նաև հնարավոր հաքերային հարձակման փորձերը: Դրանով պայմանավորված՝ մշտապես առաջնային կարևորություն ենք տվել համակարգի անվտանգությանը, որն աշխատել և աշխատում է իր բնականոն ձևով՝ անխափան և ապահով։

Մեր կողմից ուսումնասիրվել են հրապարակված նյութերը և դրանցում առկա են տվյալներ, որոնք երբևէ գրանցված չեն եղել մեր համակարգում, ինչից կարելի է եզրակացնել, որ տվյալները կարող են հավաքագրված լինել տարբեր աղբյուրներից։ Գլոբբինգում գրանցված է քաղաքացիների զգալի զանգված` 600,000-ից ավել , ուստի տվյալների համընկնումներն անխուսափելի են։

▫️Անհանգստանալու կարիք չկա: Մեր գործունեության հենց սկզբից բարձր պատասխանատվությամբ ենք մոտեցել համակարգի անվտանգության ապահովմանը և մշտապես ձեռնարկել ենք անհրաժեշտ բոլոր միջոցները նվազագույնին հասցնելու կամ բացառելու հաճախորդների անձնական տվյալներին հասանելիությունը, մասնավորապես՝ համակարգում չեն պահպանվում քարտային կամ նմանատիպ այլ տվյալներ:

▫️Հարկ ենք համարում հայտնել նաև, որ նախատեսում ենք հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին՝ բացահայտելու միջադեպի շարժառիթներն ու նպատակները և հույս ունենք, որ հետաքննությունը կպարզի բոլոր մանրամասները»։

Նշենք, որ երեկ ուշ երեկոյան տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը հայտնել էր, որ  Globbing առևտրային ցանցի կայքը ենթարկվել է հաքերային հարձակման, ինչի հետևանքով տեղի է ունեցել հաճախորդների անձնական տվյալների արտահոսք։ 

«Ամեն ինչից դատելով՝ սա կոնկրետ հաքերային հարձակում է Globbing-ի դեմ, և մեծ հաշվով իմ այս ստատուսը հաղորդում է հանցագործության մասին։ Նշեմ, որ այս մասին տեղեկացրել եմ նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն / Armenian PDPA և այժմ փորձում եմ միջոցներ գտնել, հաքեր/ների հրապարակած ֆայլերը ինտերնետից հեռացնել տալու համար»,- գրել էր Պապյանը։

 

  • Կիսվել: