շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գիտաժողով՝ նվիրված արաբական երկրների հայ համայնքներին առնչվող հիմնախնդիրներին

Գիտաժողով՝ նվիրված արաբական երկրների հայ համայնքներին առնչվող հիմնախնդիրներին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված արաբական երկրների հայ համայնքների զարգացման առանձնահատկություններին, արդի հիմնախնդիրներին և հեռանկարներին։

 ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը նշեց, որ փոխակերպվող տարածաշրջանային միտումների համատեքստում անչափ կարևոր է Մերձավոր Արևելքի հայ համայնքների հետ կապված իրողությունների ճիշտ գնահատումը, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության տարբեր վեկտորների մշակումը։

«Գիտաժողովը նպատակ ունի հանրային դիվանագիտության հարթակում ակադեմիական և դիվանագիտական շրջանակների համատեղմամբ քննարկել տարածաշրջանային զարգացումներն ու բոլոր փոխակերպումները, որոնք մեծապես ազդում են հայ համայնքների հետ կապված գործընթացների վրա։ Մեր աշխատանքներին առցանց տարբերակով մասնակցում են Ծոցի երկրների ներկայացուցիչները, ինչն առանձնակի կարևորություն է հաղորդում գիտաժողովին։ Մեր նպատակն է արդի իրողությունների համատեքստում շեշտադրումների տեսքով ուղղորդել և գիտակիրառական նշանակություն հաղորդել քննարկումներին, որոնք միտված են պետության և հանրային ու դիվանագիտական շրջանակների կապի ամրապնդմանը, Հայաստան-սփյուռք հարաբերությունների խթանմանը»,-ասաց Լիլիթ Հարությունյանը։

ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն իր հերթին նշեց՝ աշխարհաքաղաքական բուռն զարգացումների համատեքստում ընտրված թեման բավականին արդիական է, քանզի մեր ժողովրդի 70 տոկոսը Հայաստանում չի ապրում, ուստի հայապահպանության գործը շարունակ պետք է լինի հոգածության և ուշադրության կենտրոնում։

«Հատկապես մեր բարեկամ արաբական երկրներում գործում են համայնքներ, որոնք անմիջականորեն հետևանքն են Հայոց ցեղասպանության, հետևաբար շատ կարևոր է մշտապես և աչալուրջ հետևել, թե ինչպես է կյանքն ընթանում հայ համայնքներում, ինչպես են գործում ազգային, կրոնական, մշակութային կազմակերպությունները։ Բայց միայն դա չէ խնդիրը։ Մեր համայնքները պետք է դառնան չափազանց կարևոր գործիք՝ ամրապնդելով կապը Հայաստանի հետ, քանի որ առանց պատմական հայրենիքի կմնան անդեմ և այդչափ չեն կարևորվի։ Անհրաժեշտ է շատ բարձր մակարդակի հարաբերություններ պահպանել հատկապես այն երկրների հետ, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները։ Այդուհանդերձ, կա ևս մեկ խնդիր։ Մեր համայնքները չպետք է բացառապես դիտարկվեն որպես Հայաստանին օգնող կառույցներ կամ պատկերավոր ասած՝ «կթու կով»։ Մենք չպետք է միայն նայենք սփյուռքի ձեռքին, այլ վերջինս պիտի անմիջականորեն մեր տնտեսության մեջ ներգրավվելու հնարավորություն ունենա։ Պետք է լինեն գործարար և փոխշահավետ հարաբերություններ՝ մեծացնելով հետաքրքրությունների ցանկն ու նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը»,-ասաց Սուվարյանը։

Գիտաժողովին ներկա էր նաև ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ԺՊ Գոռ Մարգարյանը, ով կարևորեց Մերձավոր Արևելքի հայ համայնքների պատմական դերն ու առաքելությունը, որոնք իրենց գոյությամբ իսկ մեծ հետաքրքրություն են ներկայացրել գիտական հանրության համար ինչպես հայ ժողովրդի պատմության, հայապահպանության, մեր ինքնության հարցի ուսումնասիրության, այնպես էլ արաբական աշխարհում հայերի ունեցած դերի, արաբ ժողովրդի և հայ համայնքների միջև ձեռք բերված համակեցության հարաբերությունների մեխանիզմների ուսումնասիրության տեսանկյունից։

«Պատմության տարբեր շրջափուլերում հայ համայնքներն արաբական աշխարհում նոսրացան միջազգային ճգնաժամերի և պարբերաբար կրկնվող ռազմաքաղաքական ցնցումների, հայ ժողովրդին պատուհասած դժբախտությունների պատճառով։ Բայց մյուս կողմից երախտապարտ արաբ ժողովուրդը մշտապես հայերի նկատմամբ ցուցաբերում է լավ վերաբերմունք։ Այսօր ևս Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում բռնկվող կոնֆլիկտները, ոչ պակաս ծանր հետևանքներ առաջացրած բնակլիմայական աղետները ցավալիորեն շարունակում են լրջագույն մարտահրավերների առջև կանգնեցնել թե՛ արաբական երկրներին, թե՛ նրանցում ձևավորված հայ համայնքներին։ Արդի գիտական հանրությունն ու տարբեր կառույցներն ու կազմակերպություններն ահռելի միջոցներ են ծախսում միգրացիոն հարցերի ուսումնասիրության համար։ Այս գիտաժողովը նույնպես պատշաճ հարթակ է՝ արդի մարտահրավերներն ու հիմնախնդիրները քննարկելու և հնարավոր լուծումներ գտնելու համար»,-նշեց Գոռ Մարգարյանը։  

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն էլ ասաց, որ հայկական արևելագիտությունը զարգացել է բարեկամ երկրներում հայ համայնքների ուսումնասիրությանը զուգահեռ։ Հայկական արևելագիտության աշխարհագրության առումով՝ հատկապես այն երկրներում, որոնցում մշտապես եղել են ավանդական, ուժեղ համայնքներ, գիտական ուսումնասիրություններն ունեն առանձնահատուկ դեր։

«Հայ համայնքների ուսումնասիրությունը կարևորվել է դեռ խորհրդային շրջանում, իսկ այսօր հետաքրքրությունը կրկնապատկվել է, որովհետև ուսումնասիրելով մեր հայրենակիցների տարատեսակ խնդիրները տարբեր արևելյան երկրներում՝ ավելի ընդգրկուն կերպով տեսնում ենք իրողություններն ու զարգացումները։ Մերձավոր Արևելքում թեժացող իրավիճակում հայ համայնքների խնդիրների ուսումնասիրությունն ունի համապետական և համազգային կարևորություն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս այն դրական, բարեկամական հարաբերությունները, որոնք կան հայերի և իսլամադավան ժողովուրդների միջև։ Սա քրիստոնեական և իսլամական երկխոսության հաջողված օրինակ է, որը հատկապես հիմա, երբ աշխարհում ավելանում են թշնամանքն ու ատելությունը, կարող է դառնալ համերաշխության և իրական խաղաղության շատ կարևոր օրինակ»,-նշեց Մելքոնյանը։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն էլ կարևորեց նման գիտաժողովների կազմակերպումը, որոնք նվիրված են Հայաստան-արաբական երկրներ հարաբերություններին, ինչպես նաև այդ երկրներում հայ համայնքների արդի խնդիրներին։

  • Կիսվել: