ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ղազինյանը՝ Արմեն Սարգսյանի հովանավորչության և Արթուր Վանեցյանի հետ ալյանս կազմելու մասին

Ղազինյանը՝ Արմեն Սարգսյանի հովանավորչության և Արթուր Վանեցյանի հետ ալյանս կազմելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեզ չի հովանավորում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«Մենք ունենք գաղափարի հովանավորներ, պետության գաղափարի հովանավոր: Խոսքը վերաբերում է յուրաքանչյուր անձի մասին, ով ընդունում է պետության և պետականաության կարևորությունը, պետական ինստիտուտների կարևորությունն ու նշանակությունը, ազգային հիմքերի կարևորությունը, պետության՝ վստահելի և կանխատեսելի գործընկեր լինելու հանգամանքը»,- ասաց նա:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ալյանս կազմելու վերաբերյալ, Ղազինյանը նշեց․
 
«Հայաստանյան լրատվական դաշտն այնքան խոցելի է, որ մեկ պատահական հանդիպումը կարող է առիթ դառնալ մտավարժանքների, հորինված պատմությունների, անունների շահարկման համար։ Եթե ուշադրություն դարձնենք, ամեն ինչը գրվում է կոնկրետ մեկ լրատվամիջոցի կողմից, որը երևի խնդիր ունի մեր կուսակցության գործունեությունը շեղելու հետ։ Եթե ձեզ հետաքրքրում է՝ քաղաքական փոխգործակցության վերաբերյալ առաջարկություն եղե՞լ է, թե՝ ոչ, ասեմ, որ չի եղել: Ես չեմ առաջարկում ինչ-որ մի բան, որը կարող է մերժվել:
 
Նման առաջարկություն անելու համար պետք է լինեն անհրաժեշտ պայմաններ: Ես նաև չգիտեմ՝ պարոն Վանեցյանն առհասարակ ունի՞ ցանկություն քաղաքական գործընթացների մեջ ակտիվորեն ներգրավվելու համար, թե՝ ոչ: Դա պետք է ճշտել նրանից: Ես նման հարց չեմ տվել նրան: Մենք ուղղակի պատահական հանդիպել ենք օդանավում ու ուղղակի զրուցել ենք: Որևէ պայմանավորվածություն չենք ունեցել»,-ասաց նա:

  • Կիսվել: