կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գևորգ Ստեփանյանին և Զարուհի Փոստանջյանին չկարողացան զրկել մանդատից

Գևորգ Ստեփանյանին և Զարուհի Փոստանջյանին չկարողացան զրկել մանդատից

Երևանի ավագանու արտահերթ նիստում 32 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին չկարողացավ զրկել ավագանու մանդատից։

«Նախագիծը չի ընդունվել, որովհետև չի հավաքել բավարար չափով ձայների քանակ»,– հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

31 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ էլ չընդունվեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին նախագիծը։ Նա չզրկվեց ավագանու մանդատից։

Նշենք, որ ավագանին ունի 65 մանդատ. որպեսզի օրինագիծն ընդունվի, անհրաժեշտ է առնվազն 33 ձայն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձայների մեծամասնությամբ ավագանու մանդատից զրկվեցին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն ու Սոնա Աղեկյանը և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։

  • Կիսվել: