Գերիների ընտանիքները պատրաստ են մեկնել Բաքու, բայց պետական աջակցություն է պետք․ Սահակյան
Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ընտանիքների բազմաթիվ անդամներ, չնայած սպառնալիքներին և անվտանգային խնդիրներին, պատրաստ են մեկնել Բաքու և տեսակցել իրենց հարազատին, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում սա անհնար է կազմակերպել առանց պետական մակարդակում երկխոսության և երաշխիքների։ Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին «Հայաստանի ձայները» կոնֆերանսում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նշեց, որ խոսքը վերաբերում է, մասնավորապես, վիզաների ստացման և անվտանգ սահմանահատման գործընթացներին։
«Եթե չլինի պետական աջակցությունը, ինքնուրույն միջոցներով ընտանիքների անդամները չեն կարող գտնվել Բաքվում»,- ասաց Սահակյանը։
Նա շեշտեց՝ խնդրի մասին հրապարակային բարձրաձայնվել է, սակայն դրական պատասխան դեռ չկա։ Որպես համեմատություն մատնանշեց Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների փոխայցելությունները, երբ պետական մակարդակում երկխոսությունը հնարավոր է դարձրել դա։
«Կարծում ենք՝ այս մոդելը պետք է գործարկվի նաև ընտանիքների իրավունքների իրացումն ապահովելու համար։ Արձագանք չկա, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մեզ համար շատ կարևոր է տեսնել հենց ՀՀ իշխանությունների արձագանքը»,- ասաց Սահակյանը։
Սահմանափակված է նաև անկախ փաստաբանների հասանելիությունը, որևէ օտարերկրյա փաստաբան հնարավորություն չի ունեցել կապի որևէ միջոցով առ այսօր իր գործը քննարկել Բաքվում պահվող պատանդների հետ, նրանք ևս զրկված են եղել այցելություն ունենալու հնարավորությունից։
«ՀՀ-ն իր քաղաքացիներին միայնակ է թողել օտարերկրյա պետության փակ հաստատությունում, ընդ որում՝ մի պետության, որտեղ ձևավորվել է հայատյացություն, խտրականության պետական քաղաքականություն` չիրականացնելով հյուպատոսական այցելության իրավունքը։ Սա ոչ թե մի ինստիտուտ է, որը ենթադրում է բանակցություն, պայմանավորվածություն, այլ ՀՀ-ի համար երաշխավորված իրավունք է՝ տեսակցել իր քաղաքացիներին և այդ շրջանակում տրամադրել հյուպատոսական աջակցություն»,- նշեց Սահակյանը։
Օրինակ, եթե հյուպատոսական այցի շրջանակում պարզվում է, որ օտարերկրյա պետությունը, այս դեպքում՝ Ադրբեջանը, խախտում է քաղաքացիների փաստաբան ունենալու իրավունքը կամ կան վնասվածքներ և չեն ապահովվում անկախ բուժզննման հնարավորությունը, այս դեպքում կա հնարավորություն դիվանագիտական խողովակներով բարձրաձայնելու խնդրի մասին ու հասնելու դրա լուծմանը։ Սահակյանը նշեց՝ առ այսօր Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեսակցել Բաքվում պահվող պատանդներին այնպիսի իրողության պայմաններում, երբ նրանք զրկված են անկախ վերահսկողական մեխանիզմներից։


