ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գերիների վերադարձը ռուսական կողմի առաջնահերթ խնդիրներից է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Գերիների վերադարձը ռուսական կողմի առաջնահերթ խնդիրներից է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը ռուսական կողմի առաջնահերթ խնդիրներից է, որի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Այս մասին այսօր Գյումրիում ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մասնավորապես ակտիվ գործունեություն է ծավալում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովը, որն այժմ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն է, բայց շարունակում է աշխատել երկու կողմերում իր ունեցած կապերով՛՛։
 
Կոպիրկինի խոսքով՝ գերիների հարցում ռուսական կողմի դիրքորոշումն ի սկզբանե եղել է ՛՛բոլորը բոլորի դիմաց՛՛ սկզբունքով փոխանակումը, սակայն, ըստ նրա, դա չի ստացվել. ՛՛Ցավոք, դա չստացվեց անել այնքան հեշտ ու արագ, որքան կցանկանայինք, բայց աշխատանքը շարունակվում է։ Մենք շատ լավ հասկանում ենք խնդրի սոցիալ–հոգեբանական ողջ սրությունը, դրա կարևորությունը գերիների ընտանիքների ու Ադրբեջանում պահվող անձանց համար՛՛:
 
ՌԴ դեսպանը վստահեցրեց, որ Ռուսաստանն անում է հնարավորը՝ խնդրի արագ լուծման ու խաղաղության հաստատման համար։
 
Նա նշեց նաև, որ հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակը կարգավորելու նպատակով ռուսական կողմը մասնակցում է նաև սահմանազատման հանձնաժողովի ստեղծման աշխատանքներին։

  • Կիսվել: