ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գերազանց աշխատելը, արագ կողմնորոշվելը հիմք են նրան աշխատանքից չազատելու, հետագայում էլ նրա հետ աշխատելու համար. Ավանի թաղապետը՝ իր տեղակալ Ներսես Պողոսյանի մասին

Գերազանց աշխատելը, արագ կողմնորոշվելը հիմք են նրան աշխատանքից չազատելու, հետագայում էլ նրա հետ աշխատելու համար. Ավանի թաղապետը՝ իր տեղակալ Ներսես Պողոսյանի մասին

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի՝ իր վրա դրված ծառայողական պարտականությունների գերազանց կատարումը, վարչական շրջանի տարածքում առաջացած խնդիրների կարգավորմանն ու լուծմանը ներդրված նրա ջանքերը ինձ համար բավարար հիմք են՝ նրան աշխատանքից չազատելու, միևնույն ժամանակ նրա հետ հետագայում աշխատանքային համագործակցությունն արդյունավետ շարունակելու համար։ Այս մասին այսօր, Tert.am-ի հարցման ի պատասխան, ասել է Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը:

«Ներսես Պողոսյանը աշխատանքի ընթացքում իր վրա դրված ծառայողական պարտականությունները կատարել և կատարում է գերազանց, անմիջական ղեկավարի կողմից առաջադրանքները կատարել է լիակատար, տիրապետում է վարչական շրջանի գրեթե ողջ տարածքում ծագած խնդիրներին, ունի թիմում աշխատելու կարողություն․ առաջացած խնդիրները բազմակողմանի վերլուծելու և նմանատիպ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ու հարցերին համակողմանի լուծումներ տալու կարողություն։

Ես ի պաշտոնե իրավասու և պարտավոր եմ իմ ենթակաների վարքագծի վերաբերյալ գնահատում տալ միայն նրանց վերապահված աշխատանքային և ծառայողական պարտականությունների շրջանակներում։ Իմ ենթակաների՝ սոցիալական ցանցերում դրսևորված վարքագիծը որևէ կերպ չի կարող և չի ազդում նրանց աշխատանքային գործունեության վրա։ Միաժամանակ նշեմ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից նշանակված ծառայողական քննության արդյունքներով, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220, 223 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, հանրային ծառայությունների մասին օրենքի 225 հոդվածի 1-ին մասը, Ներսես Պողոսյանն իմ կողմից ստացել է գրավոր նկատողություն»,-պատասխանել է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի արձագանքին:

«Այ անդաստիարակներ, Ձեզ որ լեզվով ասենք, որ հասկանաք՝ թավիշը վերջացել է, պրծավ, էնքան չտեսի պես տարաք, վերջացավ։ Ժամանակին, որ ասում էինք թավիշը մի խառնեք թուլության հետ, չէիք հասկանում»,-գրել էր նա։

Ավելի վաղ, Պողոսյանը նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին գրառում էր կատարել՝ գրելով «Տաքությունը վրես չի եկել: Սիրտս Արփինե Հովհաննիսյան ա ուզում»:

  • Կիսվել: