երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գեներալի վերացման գործողությունը հավասարազոր է «պատերազմ սկսելուն», վրեժ կլինի․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Գեներալի վերացման գործողությունը հավասարազոր է «պատերազմ սկսելուն», վրեժ կլինի․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ԱՄՆ-ի իրագործած՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վերացման գործողությունը հավասարազոր է «պատերազմ սկսելուն»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին։

CNN-ին տված հարցազրույցի ժամանակ Ռավանչին հիշեցրել է, որ Վաշինգտոնը դեռևս 2018 թվականի մայիսին «տնտեսական պատերազմ» է սկսել Իրանի դեմ:

«Անցած գիշեր նրանք այս պատերազմի նոր գլուխը բացեցին՝ սպանելով ժողովրդի ամենասիրելի և գլխավոր գեներալներից մեկին»,-հայտարարել է իրանցի դիվանագետը:

Նրա խոսքով` Իրանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի գործողությունները:

«Անխոս, Իրանն աչք չի փակի սրա վրա: Վրեժ կլինի, Իրանը կպատասխանի այնպես, ինչպես հարկ կհամարի: Այդ պատասխանի վայրն ու ժամանակն Իրանը կորոշի»,- ընդգծել է Թախտ Ռավանչին:

Նա չի հավատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ըստ որոնց ամերիկացիները վերացրել են Սոլեյմանիին՝ Իրանի հետ պատերազմը կանխելու, ոչ թե պատերազմ սկսելու նպատակով:

Հունվարի 3-ին Ղասեմ Սուլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում սպանվել էր ամերիկյան օդուժի կողմից։ Հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանողական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը:
 
Իրանի Press TV-ն հայտնել է, որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խոստացել է խստորեն պատասխանել Սուլեյմանիի սպանության մեղավորներին՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ֊ից։ Խամենեին նաև 3 օր ազգային սուգ է հայտարարել: Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը այդ գործողությունն անվանել է ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչական ակտ։
 
Նշենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված է.

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»։

  • Կիսվել: