չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի կապակցությամբ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարությունը Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի կապակցությամբ

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է կառուցողականության կոչերի ու հայտարարությունների շղարշի տակ զարգացնել ապակառուցողական գործելակերպ։

«Ադրբեջանական ապակառուցողականության մեխանիզմները չեն փոխվում։ Դրանք ներառում են անհիմն մեղադրանքներ միջազգային հանրության և նրա կարկառուն ներկայացուցիչների հասցեին, սպառնալիքներ Հայաստանին և հայ ժողովրդի հասցեին, ինչպես նաև «բարի կամքի» դրսևորման մասին լայն քարոզչություն։ 

Ադրբեջանն առաջին հայացքից «ապաքաղաքական» հասարակական խողովակներով արտահայտում է իր իրական տրամադրություններն ու նպատակները՝ ռասիզմի ու խտրականության մեջ մեղադրելով հեղինակավոր այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսիք են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդրա Խանթաքին, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Եվրոպական Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով մասնագետ Թոմաս դե Վաալը, ԱՄՆ բազմաթիվ կոնգրեսմեններ և սենատորներ։ Այս հեղինակավոր անձինք պարբերաբար հայտնվում են ադրբեջանական սև քարոզչության թիրախում և նրանց միավորում է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների վերականգնման և ապահովման պահանջը։ 

Քաղաքակիրթ աշխարհին ամիսներ առաջ վերստին պարզ դարձավ, որ մարդասիրական կոչերն ու հայտարարություններն ի զորու չեղան սովամահության հասցված ավելի քան 100 հազար հայերից հեռու պահել ադրբեջանական ցեղասպան ձեռքը, որի արդյունքում գրանցվեց հայության դեմ առնվազն երրորդ էթնիկ զտումը վերջին հարյուրամյակում։ Այժմ Ադրբեջանը էժանագին կերպով փորձում է հեղինակազրկել բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են այս խնդիրը՝ փորձելով այն մոռացության տալ ճիշտ այնպես, ինչպես 1918թ․ Բաքվի հայության սեպտեմբերյան ջարդը, 1988թ․ Սումգայիթի, 1990թ․ Բաքվի, 1992թ․ Մարաղայի կոտորածները։ 

Հայաստանի նկատմամբ իռեդենտիստական, ծավալապաշտական նկրտումները ևս շարունակվում են արտահայտվել բազմաթիվ «ապաքաղաքական» կառույցների և դրանց ծավալած գործունեության միջոցով, որի պատվիրատուն և հովանավորը ռասիզմի կործանիչ ախտով տառապող ադրբեջանական իշխանությունն է։ Մեզ համար լիովին պարզ է «պահմտոցի» թվացող այս «ապաքաղաքական» խաղի նպատակը՝ սպառնալ Հայաստանին և հայ ժողովրդին՝ վախի ու անպատժելիության մթնոլորտ ստեղծել ողջ տարածաշրջանում՝ դրանով իսկ վիժեցնելով ժողովրդավարացման այն պրոգրեսիվ գործընթացները, որոնք հիմնված են մարդու իրավունքների և ազատությունների բացարձակության ընդունման վրա։ Ադրբեջանը որպես «բարի կամքի» դրսևորում ներկայացրեց հայ ռազմագերիների փոխանակումը, մինչդեռ այս փոխանակումը շատ վաղուց պետք է տեղի ունենար, եթե Ադբեջանը փոքր ինչ հարգեր իր իսկ ստորագրած փաստաթղթերն ու հավատարիմ մնար ստանձնած պարտավորություններին։ 

ակայն ասվածը անհնարին է թվում, եթե հաշվի առնենք, որ այդ պետությունը ավելի քան 20 տարի կառավարվում է՝ որպես բացարձակ միապետություն՝ բռնատիրական կատարյալ սկզբունքների ու տոտալ անազատության տեսլականով»,- ասված է հայտարարության մեջ։  

  • Կիսվել: