երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Գագիկ Ծառուկյանը վաղուց չի հետևում ԱԺ նիստերին»․ «Հրապարակ»

«Գագիկ Ծառուկյանը վաղուց չի հետևում ԱԺ նիստերին»․ «Հրապարակ»

«Հրապաարակ» թերթը գրում է․ «Մայիսի 8-ից Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է դատաքննություն՝ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք տալու մեղադրանքով, որտեղ մեղադրյալների թվում են Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը: Եվ չնայած այս քրեական գործի վաղեմության ժամետներն անցել են, բայց այն չի կարճվում, որովհետև Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը համաձայն չեն մեղադրանքի հետ և արդարացում են պահանջում։

Այնուամենայնիվ, գործի դատաքննությունը սկսվել է և ընդմիջումներով ընթանում է։ «Հրապարակ»–ը մի քանի հարց է ուղղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

- Մենք արդեն չենք էլ նկատում, թե ինչ թունավոր մթնոլորտում ենք ապրում։ Ընտանիքներ են կիսվում, բարեկամներ են թշնամանում, հարազատություն է իրարից խռովում։ Աջ ու ձախ մարդիկ բարիկադավորվել են, իրար բարև չեն տալիս։ Նման մթնոլորտում չի կարող լինել ոչ մի զարգացում, ոչ մի առաջընթաց։ Մենք ո՛չ լավը կտեսնենք, ո՛չ էլ վատի վտանգը կզգանք։ Ես կյանքիս ընթացքում ստեղծել եմ խոշոր հիմնարկներ, գործարաններ, ու միշտ առաջին բանը, որ ձգտել եմ ստանալ՝ կոլեկտիվում նորմալ մթնոլորտն է։ Սա ամենակարևորն է։ Մթնոլորտը պետք է լինի արդար, առանց թշնամանքի, մարդիկ պետք է ուզենան լավ աշխատել, որ հիմնարկին լավ լինի ու իրենց էլ լավ լինի։ Նույնը պետության մասշտաբով է։ Չեմ թաքցնում, ներքին հաշտության թեման իմ գլխից դուրս չի գալիս, ինձ հանգիստ չի թողնում։ Անընդհատ մտածում եմ՝ ի՞նչ կարելի է անել, քննարկում եմ տարբեր մարդկանց հետ, գիտելիք, փորձ, խելք ունեցող մարդկանց հետ, ում սիրտը ցավում է այս իրավիճակից, և ովքեր հասկանում են այս վիճակի վտանգավորությունը։

- Օրինակ, ԱԺ նիստերին հաճախ ենք տեսնում լեզվակռիվ, ձեռնամարտեր, իրար ամեն ինչ ասելու, վիրավորելու ձգտում։ Սա, ըստ Ձեզ, չի՞ ազդում մարդկանց տրամադրությունների վրա։

- Մարդկանց վրա շատ բան է ազդում, երկիրը մաշվում է այս մթնոլորտից։ Ներքին հաշտությունն այլընտրանք չունի։ Սա շատ լուրջ հարց է և պահանջում է լուրջ վերաբերմունք։ Իսկ ԱԺ նիստերին ես շատ վաղուց արդեն չեմ հետևում, ինձ հետաքրքիր չէ։ Եվ ունեմ տպավորություն, որ ժողովրդին էլ դա առանձնապես չի հետաքրքրում»։

  • Կիսվել: