հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդությունների քվեարկությանը «Իմ քայլը» կլինի ազատ

Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ միջնորդությունների քվեարկությանը «Իմ քայլը» կլինի ազատ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների քվեարկության հարցում կքվեարկի ազատ, այդ մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կքվեարկեն իրենց խղճով ու համոզմունքներով», -հայտարարեց Սիմոնյանը։

Անդրադառնալով ընտրակաշառքներին, Սիմոնյանն ասաց, որ ժամանակին էստեղ բոլորն էլ հայտարարել են, որ ընտրակաշառք է բաժանվել։ Նրա խոսքով, հիմա կան փաստեր, թող իրավապահները ուսումնասիրեն դրանք։

«Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում հնչած գումարների ծագումնաբանությունից։ Հիշեցնում են վարչապետի խոսքերը ու ասում են, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Բայց այս քննարկումը հենց դրա ապացույցն է, որովհետև օլիգարխ այն մարդն է, որը պետական համակարգում լինելով իր կարգավիճակն օգտագործում է հանուն իր շահի։ Այո, այս քննարկումը վառ ապացույցն է այն բանի, որ Հայաստանում օլիգարխ չկա», -հայտարարեց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ երկու միջնորդություն՝ մեկը նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին, մյուսը նրա նկատմամբ քրեական հետապնդում ձեռնարկելու։

  • Կիսվել: