երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գագիկ Խաչատրյանի որդիներին առնչվող ընկերությունը, որպես նվեր, կկառուցի «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ». hetq.am

Գագիկ Խաչատրյանի որդիներին առնչվող ընկերությունը, որպես նվեր, կկառուցի «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ». hetq.am

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդիներին փոխկապակցված «Տերյան 5» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանի համար, որպես նվեր, «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ» կկառուցի։

Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ «Տերյան 5» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ դեկտեմբերի 10-ին կնքել է պայմանագիր, որով պարտավորվել է որպես նվեր Շիրակի փողոց հ.88/1 հասցեում իր միջոցների հաշվին և իր նյութերով կառուցել «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ»։ Ընկերությունը և՛ կիրականացնի շինարարական, և՛ գույքի բարելավման աշխատանքներ։ Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2020թ. հունվարի 31-ը:

«Տերյան 5» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի փետրվարին։ Ընկերությունը նախկինում ունեցել է «Միլենիում կոնտրակշեն» անվանումը, սակայն այս տարվա հուլիսին այն անվանափոխվել է «Տերյան 5» ՍՊԸ-ի։ «Հետքը» դեռևս 2014 թվականի հունիսին գրել էր, որ Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին փոխկապակցված «Միլենիում կոնտրակշեն» ընկերությունը պատմամշակութային հուշարձան ճանաչված Աֆրիկյանների ակումբի տեղում հյուրանոցային համալիր է կառուցելու։

«Տերյան 5» ընկերության միակ բաժնետերն այս պահին Հարություն Թադևոսյանն է, որը նաև հանդիսանում է Խաչատրյաններին առնչվող «Մեգաթոյ» ՍՊԸ-ի միակ սեփականատերը, և մի շարք ընկերություններում, այդ թվում՝ «Դելտապրո» ՍՊԸ-ում որպես ընկերության բաժնետեր փոխարինել է Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։ Նշենք, որ Խաչատրյաններին փոխկապակցված «Մեգա Ֆուդ» ընկերության իրավաբանական նախկին հասցեն նույն Հարություն Թադևոսյանի գրանցման հասցեն էր։

Երևանի քաղաքապետարանը գրավոր հարցումներին պատասխանելու փոխարեն «Ֆեյսբուքում» գրառումներ է անում

Դեռևս դեկտեմբերի 2-ին «Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով պարզաբանել, արդյոք «Տերյան 5» ընկերությունն է կառուցում «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ»-ը։ Քաղաքապետարանից դեկտեմբերի 3-ին ստացանք պատասխան, որում ասվում է․ «Ինչ վերաբերվում է «Տերյան 5» ՍՊԸ-ին, ապա այդ ընկերությունը չի դիմել Երևանի քաղաքապետարան, հետևաբար նաև որևէ պայմանագիր քաղաքապետարանի հետ չի կնքվել»։

Դեկտեմբերի 6-ին գրավոր հարցմամբ կրկին դիմեցինք քաղաքապետարան՝ հետաքրքրվելով, թե ինչ միջոցների հաշվին է կառուցվելու «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ»-ը, եթե այն լինելու է նվիրատվություն, ապա ով է լինելու կառուցապատողը։ Մինչ օրս մենք քաղաքապետարանից որևէ պատասխան չենք ստացել՝ թեև անցել է օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետը։ Սակայն Երևանի քաղաքապետարանն, առանց մեր գրավոր հարցմանը պատասխանելու, իր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում դեկտեմբերի 13-ին գրառում կատարեց՝ հայտնելով, որ «Տերյան 5» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի համար որպես նվեր «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկ» կկառուցի։

Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ «Տերյան 5» ընկերությունը հիմնարկի տարածքում իրականացնելու է ընդհանուր բարեկարգում՝ կոմունիկացիաներով, այդ թվում՝ արտաքին լուսավորությամբ և տեսախցիկներով։ Բացի այդ, կառուցվելու են պահակատներ, սպասարկող շինություններ, երկու ավտոլվացման կետ, վառելիքի լիցքավորման կայան, ավտոտեխսպասարկման հոր, մինչև 70 բեռևատար (աղբատար) մեքենաների համար նախատեսված շվաքարաններ:

«Տերյան 5»-ը իր միջոցների հաշվին կասֆալտապատի նաև հիմնարկի ամբողջ տարածքը՝ 8800 քմ մակերեսով, կապահովի տարածքի ջրահեռացումը։

«Շնորհակալություն բոլոր նվիրատուներին: Քաղաքին Ձեր օժանդակությունն անհրաժեշտ է»,- գրառման մեջ նշել է Երևանի քաղաքապետարանը։

Լուսանկարները՝ Երևանի քաղաքապետարանի

  • Կիսվել: