հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ

Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծել զարգացնելու երկկողմ հարաբերությունները մեր պետությունների խորհրդարանների եւ աշխատակազմերի միջեւ: Ասվածի վառ ապացույցը ձեր այցն է ՀՀ ԱԺ` փորձի փոխանակման նպատակով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի եվրոպական միջազգային գործերի եւ պաշտպանության վարչության խորհրդարանական համագործակցության եւ երկկողմ հարցերի բաժնի պետ Ժան-Բատիստ Լըկլերի եւ բաժնի աշխատակից Վալերի Շեկետի հետ նոյեմբերի 28-ին կայացած հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

Դավիթ Առաքելյանը ներկայացրել է երկու երկրների միջեւ հնարավոր համագործակցության ճանապարհային քարտեզի անկյունաքարերը, աշխատանքներում արձանագրված հաջողություններն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Խոսելով օրենքի վերահսկողության եւ գնահատման գործողությունների մասին` ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է փորձագիտական եւ վերլուծական վարչության գործառույթները:

Նա անդրադարձել է նաեւ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացրած ծրագրերին: Մասնավորապես, նշվել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների համար սոցիալական կայքերում աշխատելու ուղեցույց: ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում է ԱԺ պաշտոնական կայքի ամբողջական վերափոխման ծրագիրը, ինչպես նաեւ մեկնարկել է էլեկտրոնային արխիվի ստեղծման գործընթացը:

Դավիթ Առաքելյանը խոսել է աշխատակազմում կանանց եւ տղամարդկանց հավասարությանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններին վերաբերող ծրագրերի մասին: Նշվել է, որ հատուկ ծրագրեր կան երիտասարդների համար, մասնավորապես, Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագիրը, որն արդեն երկրորդ տարին է իրականացվում է  հաջողությամբ:

«Մենք պատրաստ ենք աջակցելու երկու խորհրդարանների հարաբերությունների խորացմանը եւ զարգացմանը: Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ եւ կայուն գործընկերն ու դաշնակիցն է, իսկ առկա հարաբերությունների խորացումը միանշանակ նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընթաց է»,- ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար` Ժան-Բատիստ Լըկլերն ընդգծել է, որ մասնագիտական որակյալ փորձի փոխանակում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության աշխատակիցների հետ: Նա ողջունել եւ արժեւորել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:

Կարեւորելով երկու երկրների խորհրդարանների նախագահների միջեւ ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը` Ժան-Բատիստ Լըկլերը նշել է, որ այն կօգնի առավել առարկայական դարձնել համագործակցությունը եւ դրանում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

  • Կիսվել: