կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները

Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները

Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում: Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելն է, որովհետև, կածում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում`  Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցային ճանապարհով: Ցանկացած այլընտրանք տանելու է փակուղի»,- ասաց Լաքոթը:

 Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան հնարավոր այցին, դեսպանն ասաց, որ իսկապես 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ նա պարտավորվել է վերադառնալ Հայաստան:

«Այս պահի դրությամբ ոչ մի հստակ ամսաթիվ չկա: Բայց, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ նախագահ Մակրոնը այց կկատարի այն ժամանակ, երբ այցը օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացներին աջակցելու համար: Այդ պահին պարզ կտեսնենք, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև»,- ասաց Լաքոթը՝ անդրադառնալով կողմերի միջև որևէ փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում հայկական կողմն ունի 3 զոհ, 4 վիրավոր՝ այդ թվում անհետ կորած զինծառայողը, որը հայտնաբերվել է։ Զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Պաշտպանության նախարարությունը  հայտնել է, որ  ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

  • Կիսվել: