շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆրանսիան իրավական ընթացակարգեր կսկսի այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն Հայոց ցեղասպանության փաստը․ Մակրոն

Ֆրանսիան իրավական ընթացակարգեր կսկսի այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեն Հայոց ցեղասպանության փաստը․ Մակրոն

 Ֆրանսիան իրավական ընթացակարգեր կսկսի այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ են դնում Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի (CCAF) կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ։

Մակրոնի խոսքով ՝ Ֆրանսիան մշտապես աջակցելու է հայկական սփյուռքի եւ Հայաստանի ներկայացուցիչներին։ «CCAF-ը կոչ է արել պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը ։ Այդ կապակցությամբ իրավաբանական ընթացակարգեր են անցկացվում», - հավելել է նա։ Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին ՝ Մակրոնն արձանագրել է, որ Ֆրանսիան արդեն 19 տարի ներգրավված է այդ գործընթացում ։

«Այն պայքարը, որ հայերը վարում են Ցեղասպանության ճանաչման համար, նաև լռության ու մոռացության դեմ պայքար է։ Ճշմարտության հարցում հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև եղբայրություն կա։ Թուրքիան իր քաղաքականության հիմքում դրեց ռևիզիոնիզմը։ Ոչ մի մեծ պատմություն չի ստեղծվում ստի, ժխտման և ռևիզիոնիզմի հիման վրա», - նշել է Մակրոնը։

Որպես պատվավոր հյուր միջոցառմանը մասնակցել է նաև թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հատկանշական է նաև, որ երեկ Փարիզում տեղի է ունեցել Աքչամի «Սպանության հրամաններ» գրքի ֆրանսիական տարբերակի շնորհանդեսը ։

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայում արդեն ընդունվել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Օրենքը ընդունվել է դեռևս Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք, սակայն հետագայում չեղյալ է հայտարարվել Սահմանադրական դատարանի կողմից ՝ հակասահմանադրական ճանաչվելու պատճառով ։

  • Կիսվել: