երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է. Ֆրանսիայի կառավարության խոսնակ

Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է. Ֆրանսիայի կառավարության խոսնակ

Ֆրանսիայի վարչապետին առընթեր պետքարտուղար, կառավարության խոսնակ Գաբրիել Ատալն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:

Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
 
«Սիրելի՛ բարեկամներ,
 
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ այս ուղերձով ցանկանում եմ իմ ամենաջերմ մաղթանքները հղել Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև Ֆրանսիայում և ամենուրեք ապրող հայերին:
 
Այս տարի սեպտեմբերի 21-ին մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը՝ այդ համատեքստում միևնույն ժամանակ վկայակոչում ենք նաև Ֆրանսիայի և Հայաստանի, հայ և ֆրանսիացի ժողովուրդների միասնականությունը: Մենք միմյանց հետ կիսում ենք մշակութային նույն արժեքները, որոնցով դուք ապրում և արարում եք առօրյայում: Այսօր մենք վկայակոչում ենք նաև մեր եղբայրական հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ անցյալ տարին հայերի համար բազմաթիվ ծանր փորձությունների շրջան եղավ:
 
Հայաստանի Հանրապետության Անկախությունը նշանավորելիս մենք մեծարում ենք հայ ժողովրդին, որը երբեք գլխահակ չի եղել, ժողովուրդ, որը միշտ կարողացել է ոտքի կանգնել, առաջ քայլել, որը մշտապես կարողացել է ապագա կառուցել: Այսօրվա խորհրդին առնչակից ենք դարձնում նաև մեր եղբայրական հարաբերությունները, որովհետև Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է:
 
Ասածիս ակներև ապացույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն էր, որով Ֆրանսիայի նախագահն արևմտյան երկրների ղեկավարներից առաջինը եղավ, ով դատապարտեց Լեռնային Ղարաբաղի դեմ օտար ներխուժումները: Մենք ականատես եղանք նաև նախագահ Մակրոնի խիստ և դատապարտող հայտարարությանը Թուրքիայի հասցեին` հակամարտության գոտի ջիհադիստներ տեղափոխելու միջամտության համար:
 
Մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր եղբայրական հարաբերություններին: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, Ֆրանսիան Հայաստանի կողքին են նրա անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու գործում:
Մենք նաև մեր հայ բարեկամների, քույրերի և եղբայրների կողքին ենք՝ նրանց համերաշխորեն աջակցելով: Օրեր առաջ Ֆրանսիան 25 000 դեղաչափով համաճարակի դեմ պատվաստանյութերի առաջին խմբաքանակն ուղարկեց Հայաստան, որը վկայում է, որ ընդդեմ բոլոր դժվարությունների` Ֆրանսիան Հայաստանի կողքին է:
 
Մենք պաշտպանում ենք նաև Ֆրանսիայում բնակվող հայերին: Ես հպարտ եմ, որ մաս եմ կազմում մի կառավարության, որը Նախարարների խորհրդի որոշմամբ լուծարեց հայերի դեմ բազմաթիվ սպառնալիքներ և հարձակումներ իրագործած «Գորշ գայլեր» խմբավորումը: Այն Ֆրանսիայի ներքին գործերին Թուրքիայի միջամտության գործիք էր, ինչը միանգամայն անընդունելի է:
 
Այս ամենը կարևոր է ինչպես ձեզ, այնպես էլ մեզ բոլորիս համար, ուստի իմ ուղերձում ցանկացա անդրադառնալ այդ հարցերին:
 
Վերստին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձը:
 
Կեցցեʹ Հայաստանը: Կեցցեʹ Ֆրանսիան:
 
Կեցցեʹ հայ-ֆրանսիական բարեկամությունը»:
 

  • Կիսվել: