հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և մտահոգ է հայկական սահմանին հնչած կրակոցների առնչությամբ. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և մտահոգ է հայկական սահմանին հնչած կրակոցների առնչությամբ. Ֆրանսիայի ԱԳՆ

Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության նիստին ընդառաջ՝ Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույց է ունեցել իր հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին ասված է  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության թվիթերյան գրառման մեջ:

«Ֆրանսիան աջակցում է Հայաստանին և մտահոգ է հայկական սահմանին այսօր հնչած կրակոցների առնչությամբ»,-նշված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի թվիթերյան էջում:

Նշվում է նաև, որ նախարարը հայտնել է «Ֆրանսիայի խորը մտահոգությունը, քանի որ ավելի քան ութ ամիս Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կրում է այս իրավիճակի հետևանքները»։ Նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից շարունակվող այս շրջափակման մասին, որը «հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին»։

Նա ընդգծել է, որ առկա խնդիրները կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով՝ հասնելու արդար ու կայուն խաղաղության, ինչպես հիշատակել է նախարարն ապրիլի 27-ին և 28-ին Ադրբեջան ու Հայաստան կատարած իր այցերի ժամանակ։

Նախարարը կրկնել է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով բեռների, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը վերականգնելու և բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարման իր կոչը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ իրագործի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման մեջ նշված ժամանակավոր միջոցները, որոնք պարտադիր են։

Նախարարն իր գործընկերոջը վստահեցրել է Ֆրանսիայի լիարժեք մոբիլիզացիան Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար, որը 3 միլիոն եվրո հավելյալ ներդրում կկատարի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործողությանը։

Վերջում, երկու նախարարները հիշատակել են նաև այսօր Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) պարեկության ժամանակ հնչած կրակոցների մասին։ Կոլոնան իր մտահոգությունն է հայտնել այս միջադեպերի կապակցությամբ ու լիակատար աջակցություն հայտնել եվրոպական առաքելությանը։

  • Կիսվել: