երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել. Ավինյան

Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել. Ավինյան

Հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 
 
«Մասնավորապես որոշվել է.
 
Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200 մ հետիոտնային ճանապարհով:
 
Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։
 
Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները, և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն»,- գրել է փոխվարչապետը:

  • Կիսվել: