ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
ֆարմանյանը պատմեց շոգեբաղնիքում իր և քննիչի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

ֆարմանյանը պատմեց շոգեբաղնիքում իր և քննիչի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը պատմել է շոգեբաղնիքում իր և քննիչի միջև տեղի ունեցած միջադեպի մասին:

Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է.

 

«Հերթական անգամ էսօր այցելում եմ մարզասրահ: Մարզվելուց հետո` լողից առաջ, մտնում եմ շոգեբաղնիք: Մարդ չկա: Երեք-չորս րոպե անց, տարօրինակ կերպով, կողք ու բոլորը լավ զննելուց հետո, հենց նոր հանցագործություն կատարած մարդու լարվածությամբ ու զգուշությամբ ներս է մտնում մեկը: Բարևում է: Փոխադարձ բարևում եմ:

 

Մեկ րոպե անց` ներկայանում է անունով, որպես հատուկ քննչական ծառայության քննիչ, ներողություն է խնդրում ու ասում մոտավորապես հետևյալը. պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես ձեզ ճանաչում եմ համալսարանից... Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու: Դուք ամեն ինչ մեզանից շատ ավելի լավ գիտեք: Կամ պիտի թողնենք դուրս գանք համակարգից կամ դիմանանք` հույսով, որ հաջորդ իշխանությունները ազնիվ կգտնվեն, մարդկայնորեն մեր դրության մեջ կմտնեն, ու պատասխան կտան իրական մեղավորները, ոչ թե` մեզ նման կատարող մարդիկ... Լռություն: Ու արագ անհետանում է շոգեբաղնիքի մառախուղի մեջ:

 

Սա հատված չէ գեղարվեստական գրքից կամ ֆիլմից: Սա ստալինյան ժամանակների` Եժով-Յագոդա-Բերիա տրիադայի իրականացրած անմարդկային ռեպրեսիաների մարդկային պատմություն չէ: Սա 21-րդ դարի, մերօրյա հայաստանյան իրականություն է` ժողովրդավարության «համաշխարհային բաստիոնի» տիտղոսին հավակնող փաշինյանական ժամանակների իրականություն:

 

P.S. Հարցը մաքուր քաղաքական է: Հարցի հասցեատերը ես եմ: Ես ընդունել եմ այդ մարտահրավերը»:

Հիշեցնենք, որ Ս. Ֆարմանյանի քույրը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

  • Կիսվել: