շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ֆանտաստիկ ապերախտություն է. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին

Ֆանտաստիկ ապերախտություն է. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին

Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ուղղակի ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի, գործարարի նկատմամբ։ Այս մասին այսօր «5–րդ ալիքին» տված հարցազրույցում  ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եվ ընդհանրապես սա հարված է բարեգործությանը որպես հանրային ինստիտուտի նկատմամբ։ Մեկ վայրկյան այսպես մտածեցի, որ լավ, եթե Քրքորյանը, 2007 թվականին դժգոհ լինելով իմ ինչ-որ քայլերից, ինչ-որ մի բան ասեր իմ դեմ: Ի՞նչ պիտի անեի, պիտի կալանավորեի՞, եթե գար Հայաստան։ Սա հիմարության ծայրահեղ աստիճանն է: Սամվել Կարապետյանը այն մարդն է, որը բարեգործության ծավալներով  երևի միայն Քրք Քրքորյանի հետ կարելի է համեմատել: Մի տարբերությամբ, որ Քրքորյանը բիզնեսով չի մտել Հայաստան, իսկ Սամվել Կարապետյանը հսկայական ներդրումներ է արել և ստեղծել է հազարավոր աշխատատեղեր։ Մարդիկ իրենց ընտանիքները պահում են հենց Սամվել Կարապետյանի ներդրումների շնորհիվ, և այն պարագայում, երբ օտարերկրյա ներդրումները կտրուկ նվազել են Հայաստանում, նման հարձակում ունենալ խոշոր ներդրողի նկատմամբ, ուղղակի հիմարություն է։  Ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանի Հանրապետությանը, նույնիսկ դժվար է պատկերացնել»,–ասաց նա։

Հարցին՝ դրա նպատակը ո՞րն էր, Քոչարյանը պատասխանեց. «Ես բացատրություն չունեմ։ Եթե ինչ-որ բան իր դուրը չէր եկել, կարող էր կապվել Սամվել Կարապետյանի հետ, առաջարկել հանդիպում և հարցնել՝ ի՞նչն է պատճառը, փորձեր ինչ-որ բացատրել»։

Անդրադառնալով իշխանություններին պնդումներին, թե ՀԷՑ–ում ստուգումները արդեն սկսվել էին, Սամվել Կարապետյանը գիտեր, որ պրոբլեմներ է ունենալու և այս հայտարարությունը արել է քննարկումների հունը փոխելու համար, երկրորդն նախագահն ասաց. «Ես գիտեմ, թե ինչ վիճակում են եղել բաշխիչ ցանցերը, երբ  պետական էր։ Իմ ժամանակ է սեփականաշնորհվել: Խայտառակ պատկեր էր, «լույսի մարդը» ամենից կարևոր մարդն էր Հայաստանում, որովհետև տեղում ոնց ուզում անում էր։ Տասնյակ միլիոնավոր դոլարներ ամեն տարի պարտք էր կուտակվում բաշխիչ ցանցերի վրա։ Այն ժամանակ սեփականաշնորհեցինք և կտրուկ փոխեցինք իրավիճակը։

Սամվել Կարապետյանը այն մարդն է, որը հսկայական ներդրումներ է անում ոչ միայն բաշխիչ ցանցերում, նաև այլ ոլորտներում, այս վիճակը գցել մի նախադասության համար, խայտառակություն է։ Փաշինյանի ասածները որևէ հիմք չունեն, քանի որ կա Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, որը ՀԷՑ–ի այդպիսի բողոքներ չուներ։ Սա ուղղակի հաշվեհարդար է։

Միգուցե նպատակը նա է, որ գալիք ընտրությունների ժամանակ ժամանակավոր տնօրեն ունենալ ՀԷՑ–ում, և օգտագործել այդ համակարգը ընտրական նպատակների համար։  Իրենց մարդկանց տեղավորել, ՀԷՑ–ից քամել հնարավորը, նաև որպես ընտրական ռեսուրս դիտել այդ համակարգը։ Իսկ ընտրական ռեսուրսը ո՞րն է, օրինակ, ինչ-որ խոստումներ տալ, ՀԷՑ–ի հաշվին լավություն անել տարբեր բնակավայրերում քվեներ կորզելու համար։ Այ սա առարկայական մոտիվացիա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի համար։

Հիմա իրենք նշանակել են կառավարիչ, բայց Սամվել Կարապետյանին ասում են՝ դու ներդրումներդ պետք է շարունակես։ Սա լրիվ կինո է։ Սամվել Կարապետյանը պետք է շարունակի ներդրումներ անել իր միջոցներից, և Ռոմանոսը պետք է այդ միջոցները տնօրինի՞։ Լո՞ւրջ, դուք հո հիմա չե՞ք, այդպես չի լինում։ Ուղղակի իմ ենթադրությունը կամ կանխատեսումը այն է, որ ուղղակի քանդելու են աշխատող համակարգը»,– ընդգծեց Քոչարյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ միջազգային արբիտրաժում իշխանությունները անպայման պարտվելու են. «Բեսպրեզելի  տարբերակով են հարձակվում, սա պետական ռեկետի տպավորություն է թողնում։ Ես չեմ կասկածում, որ արբիտրաժային վեճում իրենք պարտվելու են, բայց տվյալ դեպքում պարտվելու է պետությունը»։

Խոսելով Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելու հայտարարության մասին՝ Քոչարյանն ասաց. «Այդ ծավալի բիզնես զրոյից կառուցելը նշանակում է, որ մարդը այդ շնորհքը ունի՝ կառավարման հոտառություն, ճիշտ մարդկանց հետ հարաբերություններ ստեղծելը։ Քաղաքական գործունեության փորձ նա չունի, բայց շատ մեծ համակարգեր կառավարելու փորձ ունի։ Հիմա ես ենթադրում եմ, որ կստեղծեն քաղաքական թիմ, կլրացնեն այն մարդկանցով, որոնք այս տեսանկյունից որոշակի փորձ ունեն և միգուցե ոնց որ իրենք են հայտարարում, որոշակի տեխնոկրատների թիմ կձևավորեն, ինչը նորություն կլինի մեր քաղաքական դաշտում։

Եթե նկատել եք, վերջին ամիսներին շատ էր խոսվում տարբեր փոքր կուսակցությունների միավորման մասին, Ընկալում այսպիսին էր, որ կա մեկ մեծ միավոր՝ դա «Հայաստան» դաշինքն է։ Հարցումներով ակնհայտ է որ ընտրողների մոտ 50%–ը կամ հիասթափված է, կամ նոր դեմքի կարիք ունեն տեսնելու քաղաքական դաշտում, կամ այդ հին ու նորի թեմաների մեջ մի քիչ խճճվել են, և քաղաքական դաշտի բոլոր մասնակիցների կողմից թիրախավորվում էր այդ 50 տոկոսը։ Հիմա նաև որոշ անուններ էին շրջանառվում այդ փոքր միավորների, որոնք կարող են տեղավորվել հենց այդ բավական մեծ ընտրական զանգվածի մոտ։

Սամվել Կարապետյանը մտնելով քաղաքականության մեջ, ըստ էության այդ պահանջարկը փակում է զգալի մասով. նոր դեմք, կյանքում հաջողության ասած, մեծ ճանաչելիություն ունեցող, բարի համբավ, դրական ընկալում։ Սրանք բազային շատ լավ տվյալներ են այս նոր քաղաքական ուժ ձևավորելու համար։ Մնացածը արդեն կախված է նրանից, թե ինչպես կաշխատեն։

Ըստ էության այսօր արդեն քաղաքական դաշտում կա երկու մեծ միավոր, մեկը «Հայաստան» դաշինքն է, մեկը Սամվել Կարապետյանի ստեղծվող քաղաքական ուժն է, որի ծավալները այսօր դժվար է կանխատեսել։ Պոտենցիալը, մեծ է, կախված է, թե ինչ ձևով իրենք կոնկրետ աշխատանքները կկազմակերպեն: Սա ֆունդամենտալ փոփոխություն է քաղաքական դաշտում, որովհետև այն զանգվածը, որի վրա տարբեր փոքր քաղաքական ուժեր փորձում էին միավորվել և տեղավորվել, այդ քաղաքական միավորների համար դաշտը շեշտակի նեղացել»։

Հարցին՝ մի փոքր ուշ չէ՞ քաղաքական հայտ ներկայացնելու համար՝ հաշվի առնելով, որ ընտրություններին մեկ տարուց քիչ է մնացել, երկրորդ նախագահը պատասխանեց. «Նույնիսկ ես կասեի մի քիչ շուտ է։ Եթե այդ ցանկությունը կար, կարող էր մի վեց ամիս շուտ պրոցեսի մեջ մտնել։ Խոսքը հիմա նրա մասին է, որ նա անծանոթ մարդ չէ, ունի մեծ ճանաչելիություն և դրական ընկալում։ Եթե իրենք արագ կազմակերպչական հարցերը լուծեն և ձևավորեն այն կառույցները, որոնք պետք է հողի վրա աշխատանք տանեն ժողովրդի հետ, ուրեմն ուշ չէ»։

  • Կիսվել: