հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվս մի հետընթաց ժողովրդավարությունից. Երեւանի քաղաքապետի պաշտոնը նշանակովի են ուզում դարձնել․ «Հրապարակ»

Եվս մի հետընթաց ժողովրդավարությունից. Երեւանի քաղաքապետի պաշտոնը նշանակովի են ուզում դարձնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովիից նշանակովի դարձնելու գաղափարն իշխանություններին շատ է դուր եկել։ Քաղաքապետարանում վերջին օրերի պրոցեսները հուշում են, որ մոտ ապագայում օրենսդրական փոփոխություն կանեն եւ քաղաքապետի պաշտոնը կդարձնեն նշանակովի։

Սրանով է պայմանավորված այն, որ քաղաքապետարանի թափուր պաշտոնների հավակնորդներին ընտրում են ոչ թե պոտենցիալ ձայն բերողների շրջանակից, այլ ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մտերիմ-բարեկամների։ Մինչդեռ ի սկզբանե փնտրում էին ձայն բերողների, որոնք մեկ տարվա մեջ կաշխատեին, ապա կապահովեին ՔՊ-ի հաղթանակը, որ շարունակեն պաշտոնավարել։ Այս պաշտոնը նշանակովի դարձնելու առաջարկը, ըստ լուրերի, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանն արել է Լեւոն Շիրինյանը։

Սակայն սահմանադրագետներն այս գործընթացը համարում են բարդ։ Նախ պետք է Երեւանին մարզի կարգավիճակ տան, քաղաքապետին՝ մարզպետի, որ վարչապետը նշանակի։ Նման փոփոխության համար սահմանադրական հանրաքվե պետք չէ անել, հնարավոր է խորհրդարանով անցկացնել։ Խնդրահարույցը, ըստ մեր զրուցակցի, կարող է միջազգային կառույցների արձագանքը լինել, որոնք ընտրությունների միջոցով համայնքային իշխանություն ձեւավորելու գործընթացը դիտարկում են որպես ժողովրդավարության գործիք։

Հիշեցնենք, որ 30 տարվա ընթացքում տարբեր մոտեցումներ են եղել․ մինչեւ 95-ը քաղաքապետին ընտրել է Երեւանի քաղխորհուրդը, 95-ի Սահմանադրությամբ այն դարձել է նշանակովի, իսկ 2008 թ․ «Երեւանի մասին» օրենքով դարձավ ընտրովի։ Սկզբում քաղաքապետին ընտրում էին ուղիղ․ 2009-ին առաջին ընտրված քաղաքապետը դարձավ Գագիկ Բեգլարյանը։ 2015 թ. փոփոխություններով՝ Երեւանը ճանաչվեց համայնք, եւ ընտրությունները կայանում են համամասնական ընտրակարգով՝ երեւանցիներն ընտրում են ավագանի, ավագանին՝ քաղաքապետ։»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: