հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եվրոպայում չպիտի լինեն «գորշ գոտիներ». Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Եվրոպայում չպիտի լինեն «գորշ գոտիներ». Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել, որը ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի գործընկերներ, նախօրեին մեր Վեհաժողովում տեղի ունեցավ անչափ կարևոր մի իրադարձություն. «Եվրոպայում Մոխրագույն գոտիներ՝ մոռացված մարդկանց դեպքերը» քննարկմանը ներկա էր նաև Արցախի օմբուդսման Արտակ Բեգլարյանը: Մարդու իրավունքների ինստիտուտն Արցախի կայացած ինստիտուտներից է, և արդեն տաս տարուց ավելի է Արցախի օմբուդսմանի հաստատությունը եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի լիարժեք անդամ է:

Քանիցս այս ամբիոնից հնչել է, որ Եվրոպայում չպիտի լինեն «գորշ գոտիներ» և որ մարդու իրավունքը չի կարող և չպիտի պայմանավորվի տվյալ տարածքի քաղաքական, իրավական կարգավիճակով:

Մեկ տարի առաջ մեր Վեհաժողովն ընդունեց 2240 բանաձևը, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ՝ ներառյալ «գորշ գոտիները»: Այս բանաձևը վերջապես պետք է կյանքի կոչվի:

Հիշեցնեմ, որ բանաձևով Վեհաժողովը վերահաստատեց ԵԽ անդամ պետությունների նկատմամբ ստանձնած իրավական պարտավորությունները՝ լիարժեքորեն համագործակցելու և բարեխղճորեն գործելու մարդու իրավունքների միջազգային մոնիթորինգի մեխանիզմների հետ՝ ներառյալ հակամարտության գոտիներ մուտքի առումով:

Եվ ինչպես բազմիցս նշել էր ԵԽ այլևս նախկին գլխավոր քարտուղար Յագլանդը՝ «Մարդու իրավունքների հանձնակատարը ցանկացած պահի պետք է ունենա լիարժեք, անվճար և անսահմանափակ մուտք բոլոր չկարգավորված հակամարտությունների գոտիներ»: Մինչ այժմ, ցավոք, ոչ մի առաջընթաց Արցախի հարցում չի գրանցվել:

Հույս ունեմ, որ այս դեպքում մենք, ի թիվս սառեցված հակամարտությունների, չենք ունենա նաև սառեցված բանաձև, ինչի օրինակները, ցավոք, մեր Վեհաժողովում քիչ չեն եղել»: 

 

  • Կիսվել: