Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են տարածաշրջանային խնդիրները
Այսօր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ փոխխոսնակի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Նա նշեց, որ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Ազգային ժողովում ներկայացված բոլոր երեք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
՛՛Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային արդի խնդիրները, մասնավորապես՝ տարածաշրջանային զարգացումները հետպատերազմյան ժամանակահատվածում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, այդ գործընթացներին զուգորդող խնդիրները և դրանց հնարավոր լուծումները:
Արձանագրվել է նաև Եվրոպական խորհրդարանի դրական գործունեությունը և ազդեցությունը տվյալ գործընթացների վրա, մասնավորապես՝ նշվել և առանձնացվել են կոնկրետ հայտարարություններ և բանաձևեր, որոնք առնչվում են հայկական մշակութային ժառանգությանը Լեռնային Ղարաբաղում, ռազմագերին առնչվող հայտարարությանը Եվրախորհրդարանի կողմից, և հայկական կողմը արձանագրել է դրանք և շնորհակալ է մեր գործընկերներից այս սկզբունքային և օբյեկտիվ դիրքորոշման համար՛՛,-հայտնեց Աղաջանյանը:



