ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տևական խաղաղության հաստատման համար իրական ջանքեր են պահանջվում. Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ

Տևական խաղաղության հաստատման համար իրական ջանքեր են պահանջվում. Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ

Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակական և տևական խաղաղությունը կարող է հաստատվել միայն համակողմանի լուծումների արդյունքում, և դրա համար իրական ու անկեղծ ջանքեր են պահանջվում երկու կողմերից: Այս մասին այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց  Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը:

Նշենք, որ նրա գլխավորած պատվիրակությունը տարածաշրջանային այցով Երևանում է:

Մքալիսթերը, մասնավորապես, ասաց. ՛՛Մեր հայ գործընկերների հետ քննարկումները շատ օգտակար էին՝ ավելի լավ հասկանալու այն մտահոգությունները, որ Հայաստանը ունի ներկա իրավիճակում՝ անվտանգության, մարդասիրական խնդիրների կապակցությամբ: Շատ հստակ է, որ շարունակական խաղաղությունը կարող է ձեռք բերվել համակողմանի լուծումների արդյունքում: Սրա համար իրական և անկեղծ ջանքեր են պահանջվում երկու կողմերից:

Այս ջանքերը պետք է հիմնված լինեն քաղաքական կամքի և հանձնառության վրա՝ իրականացնելու այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել մինչ օրս: Մեր այցը շատ հստակ ցուցիչ է այն կարևորության, որը մենք, որպես Եվրամիություն, վերագրում ենք ամբողջ Հարավային Կովկասին՛՛:

Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովի նախագահն այս համատեքստում կարևորեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ միջնորդական ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցություններում:

՛՛Այս նախաձեռնության շրջանակներում վարչապետ Փաշինյանը ապրիլին և մայիսին Բրյուսելում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՛՛,ասաց նա և հավելեց, որ իրենք հուսով են, որ Եվրամիության ներդրումը օգտակար կլինի երկարատև խնդիրները լուծելու և տևական խաղաղության հաստատման ճանապարհը հարթելու գործում:

Բացի այդ՝ Մքալիսթերը հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը արտահայտել է իր տեսակետը թեմայի վերաբերյալ ընդունված մի քանի բանաձևերով: Մասնավորապես՝ 2021 թ. մայիսին Եվրախորհրդարանն ընդունել էր բանաձև հայ ռազմագերիներին մասին՝ Ադրբեջանից պահանջելով առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Իսկ 2022 թ. մարտի 10-ին ընդունել էր Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձև՝ ՛՛Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը՛՛ վերնագրով:

  • Կիսվել: