հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մքալիսթերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձրաձայնել ենք գերիների խնդրի մասին. Մամիջանյան

Մքալիսթերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձրաձայնել ենք գերիների խնդրի մասին. Մամիջանյան

Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցությունը բարձրաձայնել է ՀՀ-ում քաղբանտարկյալների, ոստիկանական բռնաճնշումների, ԱԺ-ի լեգիտիմության, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հարցերը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մեր ներածական խոսքի առաջին հատվածում խոսել ենք Լեռնային Ղարաբաղի խնդիրների մասին՝ կարեւորելով կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի վերադարձը բանակցային սեղանին, բարձրաձայնվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկման կարեւորությունը, հիշատակվել է գերիների, մշակութային ժառանգության մասին, ես տեղեկացրեցի նաեւ, որ նամակ էի գրել, որով հանդիպում էի պահանջում հայ ռազմագերիների հետ, որը, սակայն, ՀՀ ԱԺ-ն չուղարկվեց, անդրադարձել ենք նաեւ քաղբանտարկյալների, ոստիկանական բռնաճնշումների, ԱԺ-ի լեգիտիմության հարցերին՛՛:

Մամիջանյանը հավելեց, որ Մքալիսթերը հարցրել է, թե իրենք երբ են կանխատեսում ԱԺ հաջորդ ընտրությունները. ՛՛Իմ պատասխանը հետեւյալն էր, որ 2021-ին ՀՀԿ-ն վերջինն էր ընդդիմադիր դաշտից, որ համաձայնեց այդ ֆարսին, որը կոչվում էր ընտրություններ: Ներկայացվեցին պատճառները, թե ինչու մենք Փաշինյանի կազմակերպած ընտրություններին մասնակցել չէինք կարող:

Առաջին հերթին այն բազմաթիվ կեղծիքները, որ իրականացվել են թե ընտրություններից առաջ, թե այդ օրը, ատելության խոսքի տարածումը, մուրճով քարոզարշավը, բանակի եւ վարչական ռեսուրսի օգտագործումը եւ այլն: Փաշինյանի կազմակերպած ընտրությունները չէին կարող լուծել Հայաստանում քաղաքական ճգնաժամը՛՛։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ հայ ադրբեջանական բանակցային գործընթացների հետ կապված հարցերի շուրջ՝ Մամիջանյանը վստահեցրեց, որ հանդիպման ընթացքում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը չի խոսել վարչապետի կողմից արված հայտարարության վերաբերյալ, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է մի փոքր իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը։

Նրա խոսքով՝ պաշտոնական մակարդակում ոչ մի միջազգային կառույց երբեւէ պաշտոնական պահանջ չի ներկայացրել նշաձողի իջեցման։ ՛՛Փաշինյանի տխրահռչակ ելույթում հիշատակված միջազգային հանրությունը, իմ խորին համոզմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանն են՛՛,-ասաց Մամիջանյանը:

  • Կիսվել: