չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Եվրամիությունը պատրաստ է ավելի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ՀՀ-ում ԵՄ դեսպան

Եվրամիությունը պատրաստ է ավելի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ՀՀ-ում ԵՄ դեսպան

Եվրամիությունը պատրաստ է ավելի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ։

 «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  այս մասին ասաց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացած «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում։

«Մենք կշարունակենք ջանքեր չխնայելով աշխատել, որպեսզի ամրապնդենք մեր կապերը՝ հիմնվելով մեր հանձնառության, համատեղ արժեքների վրա, ինչպես նաև` բազմակողմանիության, օրենքների և իրավունքի վրա հիմնված կարգին մեր նվիրվածությանը»,-նշեց ԵՄ դեսպանը՝ հավելելով, որ Հայաստան-ԵՄ երկխոսության գործընթացը երբեք այնքան դինամիկ չի եղել, ինչպես ներկայում։

Մարագոսը շեշտեց  Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ամբողջական իրականացման կարևորությունը` կենտրոնանալով հատկապես կանոնակարգերի, դրանց համապատասխանեցման և բարեփոխումների վրա։

ԵՄ դեսպանը մանրամասնեց, որ անհրաժեշտ է համապատասխանեցնել այն ստանդարտները, որոնք Հայաստանը հանձն է առել.

«Եվրամիությունը ցանկանում է արագացնել այդ հանձնառությունների իրականացումը, որը կներառի աշխատանք, թվային անցում, կանաչ տնտեսություն, որոնք հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար՝ ժամանակակից դարձնելու տնտեսությունը»,-ընդգծեց Մարագոսը։

Նա տեղեկացրեց, որ  տնտեսական և ներդրումային ծրագրի հետ կապված, ՀՀ կառավարության և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ ստեղծվել է ներդրումների համակարգման հարթակ, որը համատեղում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ նպատակ ունենալով վերանայել ծրագրերը և հասկանալ թե ինչ գործողություններ են անհրաժեշտ արագացնելու արդիական ներդրումները։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց, որ այս ընթացքում արդեն ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ են իրականացվել: Սյունիքում 35-ից ավել նախագծերի իրականացման համար ԵՄ անդամ պետություններն ավելի քան 120 միլիոն եվրո գումար են մոբիլիզացրել՝ ենթակառուցվածքների, քաղհասարակության, տնտեսական զարգացման, զբաղվածության, կանաչ տնտեսության ոլորտում ներդրումների համար։

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Մարագոսն ուրախություն հայտնեց այս ուղղությամբ գրանցված առաջընթացի կապակցությամբ։

Նա նախևառաջ կարևորեց քաղաքական և անվտանգային հարցերի շուրջ հստակ նպատակներով և անկեղծ երկխոսությունը Հայաստանի հետ, որի հանձնառության համար շնորհակալություն հայտնեց ՀՀ իշխանություններին։

Ըստ Մարագոսի՝ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանի Զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով էական աջակցություն ցուցաբերելու հարցը, որը վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմին։

«Եվրամիությունը շարունակում է հանձնառու մնալ տարածաշրջանում կայունությանը և կարգավորմանը»,-շեշտեց ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին, ապա, Մարագոսի խոսքով, Եվրամիության նպատակն է ընդլայնել գործընկերությունն ու համագործակցությունը։

 «Մենք ունենք համատեղ արժեքներ, համաձայն ենք միջազգային այն կարգին, որը հիմնված է օրենքների և իրավունքի վրա։ Ես հուսով եմ, հավատում եմ, որ մենք միասին շատ հստակ արդյունքների կհասնենք»,-համոզմունք հայտնեց բանախոսը՝

Հայաստանի համար կարևորելով հանրային վարչարարության ոլորտում բարեփոխումներն՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, ինչպես նաև լավ աշխատող արդարադատության համակարգը, որը կներառի ուժեղ հակակոռուպցիոն շրջանակ, բարձրացնելով դիմակայունությունը՝ տարբեր մարտահրավերների ու սպառնալիքների արձագանքելիս։

Ըստ դեսպանի՝ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է Eurojust-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության հաստատում, որը կխորացնի քրեական գործերով համագործակցությունն ու կապահովի բարձր ստանդարտներ անձնական տվյալների պաշտպանության, դատական իշխանության անկախության և օրենքի գերակայության համար։

Իր խոսքում Մարագոսն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանը՝ տեղեկացնելով, որ  ԵՄ-ն ավելի քան 60 միլիոն եվրո է մոբիլիզացրել Հայաստանին մարդասիրական աջակցության համար։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության հետ նաև քննարկվում է հավելյալ աջակցությունը բնակարանաշինության, ապրուստի միջոցների համար։

  • Կիսվել: