ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները

Եվրախորհրդարանի պատգամավորները ողջունել են Հաագայի դատարանի որոշումները

 Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը (Էստոնիա), Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն (Խորվաթիա) ողջունում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Այդ մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների համատեղ հայտարարությունը:

Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն իրենց հայտարարությամբ ևս մեկ անգամ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել պահվող բոլոր հայ գերիներին:

«Սրանք պարտադիր իրավական ուժ ունեցող կարևոր որոշումներ են, որոնք պետք է ի կատար ածվեն ամբողջությամբ: Ավելին, մենք շարունակում ենք կոչ անել անհապաղ ազատ արձակելու մնացած բոլոր գերիներին Ադրբեջանի կողմից, ինչպես նաև փոխանակվելու ականապատ դաշտերի վերաբերյալ բոլոր հասանելի տեղեկություններով՝ արդյունավետ ականազերծման համար: Այս առումով մենք ողջունում ենք վերջերս 10 հայ գերիների ազատումը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը», - ասված է հայտարարությունում:

Հիշատակելով իրենց նախորդ հայտարարությունները՝ Մարինա Կալյուրանդը, Անդրեյ Կովաչևը և Զելյանա Զովկոն ընդգծել են՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկեն լարվածությունը տարածաշրջանում թուլացնելու և բորբոքիչ հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ՝ փոխադարձ վստահություն ձևավորելու, հաշտեցմանը նպաստելու և հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով: Այս տեսանկյունից Եվրախորհրդարանի պատգամավորները կառուցողական հանդիպում են ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական առաջնորդների միջև Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության շրջանակներում:

«Եվ վերջապես, մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք Եվրամիության հանձնառությունը աջակցելու կողմերի միջև փոխվստահության ձևավորման միջոցառումներին և առարկայական բանակցություններին, մասնավորապես՝ հակամարտության տևական կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի շրջանի ապագա կարգավիճակի հստակեցմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարած գործընթացի շրջանակներում», - հավելել են Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն:

Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Մասնավորապես, «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի մասով հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցի հիման վրա Դատարանը որոշել էր, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել էր.

  1. Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են 2020 թ. զինված հակամարտության ընթացքում կամ դրանով պայմանավորված և դեռևս շարունակում են գերեվարված մնալ, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը,
  2. Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից,
  3. Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ:

  • Կիսվել: