շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե ընդունենք՝ շանտաժը նորմալ գործընթաց է, ապա միգուցե պետք էր բանակցել Ծառուկյանի հետ. Միրզոյան

Եթե ընդունենք՝ շանտաժը նորմալ գործընթաց է, ապա միգուցե պետք էր բանակցել Ծառուկյանի հետ. Միրզոյան

Բացարձակ ընդհանրություն չկա այսօր տեղի ունեցողի և 2015 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների միջև: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդհանրություն կա ներկայիս և 2015 թ-ի հայտնի իրադարձությունների հետ։

Հիշեցնենք, որ 2015թ-ին փետրվարի 12-ին ՀՀԿ նիստում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» էր համարել, խոսել էր «քաղաքական դաշտը մաքրելու» անհրաժեշտության մասին։

Այդ հայտարարությանը հաջորդել էր Գագիկ Ծառուկյանի պատասխանը. «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»։

Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ  ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ ընդդիմադիր ելույթով, տեղի ունեցավ ՀՀԿ համապատասխան մարմնի նիստը, «բամփելու», «շանտաժի» մասին եղավ խոսք:

«2015-ին եղել է ուղղակի շանտաժ, որ հարգելի Ծառուկյան, մենք ունենք այս-այս կոմպրոմատները, եթե չունենաս մեզ հաճելի քաղաքական վարք, մենք կդիմենք այդ կոմպրոմատներին: Սա շանտաժի լեզու է: Այս վարքագիծը մեզ համար կտրականապես ընդունելի չէ: Ճիշտ հակառակը, դուք տեսաք, որ անկախ նրանից, որևէ ընդդիմադիր ուժ մեզ հաճելի կամ տհաճ հայտարարություն է անում, եթե կա զուգահեռ իրավական գործընթաց, այդ գործընթացը պետք է իր հունով ընթանա:

Եթե ընդունենք, որ շանտաժը նորմալ գործընթաց է, ապա միգուցե քաղաքական հաշվարկները ցույց տային, որ գուցե պետք է բանակցել պարոն Ծառուկյանի հետ, չունենալ կառավարության հրաժարականը պահանջող խորհրդարանական ուժ, ակնարկել, որ կարող ենք լեզու գտնել և այդպես կյանքը շարունակել: Ես կարծում եմ, որ սա այնքան էլ ազնիվ դիրքորոշում չէ»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Հարցին՝ ՀՀ գխավոր դատախազը 2018 թվակաին քաղաքական պատվե՞ր էր կատարում, երբ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիության հարցով դիմում էր ԱԺ-ին, Միրզոյանն ասաց. «Իմ ընկալումը հետևյալն է, բայց գուցե ես սխալվում եմ։ Ներկայացվել է գործ և այդ փուլում հասկացել են, որ այնքան էլ հիմնավոր չի»։

Դիտարկմանը, թե գլխավոր դատախազն ասել է՝ հետ է վերցրել իր այդ միջնորդությունը, քանի որ այն ժամանակ իրեն դիմել է ՀՀ փոխվարչապետը, և խնդրել՝ հետ վերցնել միջնորդությունը, այսինքն՝ փոխվարչապետը կարո՞ղ էր ճնշում գործադրել, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այդ հարցն ուղղեք Արթուր Դավթյանին։ Ես այդ օրը ձերբակալված եմ եղել, չեմ կարող ասել»։

Հարցին՝ եթե հաստատվի ընտրակաշառքի իրողությունը, արդյոք հնարավո՞ր է ասել, որ Նիկոլ Փաշինյանն անօրինական ճանապարհով է ընտրվել, քանի որ կաշառքի եղանակով ԱԺ եկած ուժն է իրեն վարչապետ ընտրել, ԱԺ նախագահն ասաց. «Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվել է ՀՀ քաղաքացիների լուրջ և չափազանց ակնհայտ պահանջի հետևանքով։ Այո, ԱԺ-ն ֆորմալ քվեարկություն արել է և անկախ նրանից՝ քվեարկողը որևէ այլ դրվագում, օրվա որևէ այլ պահի և որևէ այլ հարցով իրեն ինչպես է դրսևորել… կարծում եմ՝ պատճառահետևանքային կապը չկա»։

Լրագրողները նաև հարցրեցին, թե ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները ԱԺ-ում գլխավոր դատախազին հարցեր չտվեցին, Ա.Միրզոյանն ասաց. «Կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը կարող եք փնտրել իմ ելույթում»։  

Հարցին՝ արդյոք իրեն բավարարե՞ց Արթուր Դավթյանի միջնորդության հիմքերը, Արարատ Միրզոյանն ասաց. «Դատախազն ասաց՝ կան լուրջ հիմքեր պնդելու, որ մենք պիտի իրականացնենք այսինչ սանկցիան»։

Դիտարկմանը, թե իշխանության կողմից Ծառուկյանին որևէ առաջարկ չի՞ եղել, ինչպես հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, ԱԺ նախագահն ասաց. «Ի՞նչ առաջարկ։ Դուք եք հարցը տալիս, գուցե դուք եք տեղյակ։ Նման բան չի եղել։ Ես կես ժամ է ասում եմ, որ շանտաժի և կուլիսային պայմանավորվածություններ և կոմպրոմատներ ունենալով ընդդիմադիրներին կոնկրետ վարքագիծ ստիպելու ճանապարհը մերը չի։ Մենք ոչ մի գնով չենք գնալու այդ ուղղությամբ»։

  • Կիսվել: