երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 21-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի տոտալ պարտությունը. Աշոտյան

Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 21-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի տոտալ պարտությունը. Աշոտյան

Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 21-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի տոտալ պարտությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիկոլի քարոզչությունը հիշեցնում է վթարված կոյուղի, որի ջրերը թափվում են հանրապետությունով մեկ՝ գարշահոտ, ճղճիմ, բուրավետ ջրերը։ Եվ այդ խափանված կոյուղին դեռ մի 8 օր շարունակում է թունավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը և քաղաքական օրակարգը։ Մեզ արագ պետք է բրիգադ, որը գա ու հունիսի 21-ից հետո այդ կոյուղին վերանորոգի, որ այլևս Հայաստանով մեկ այդ գարշահոտը չտարածվի»,- նշեց Աշոտյանը։

Նա անդրադարձավ մեծ աղմուկ հանած ձայնագրությանը, որը հրապարակել էր Սերժ Սարգսյանը։

«Ցավում եմ, որ ոչ բոլորը հասկացան, թե ինչի մասին էր այդ ձայնագրությունը։ Բայց այդ ձայնագրությունն իր նպատակին ամբողջությամբ ծառայեց, որովհետև նպատակն էր ապացուցել հետևյալ մի քանի կարևոր դրույթ։ Առաջինը, այդ ձայնագրությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից ստացել է շատ լավ բանակցային ժառանգություն։ Այնպիսի բանակցային ժառանգություն, ըստ որի՝ Պուտինը և այլոք իրեն ասել են, որ Ալիևը շատ լավ հասկանում է, որ Արցախն այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Սա էր Ղարաբաղի բանակցություններում կարևորագույն հիմնադրույթը մեր օրոք, մենք միշտ բանակցել ենք նրա մասին, թե ինչ ենք ստանալու, և մենք ստանում էինք մինչև 2018 թվականը ներառյալ Արցախի կարգավիճակի ճանաչման գործընթաց»,- ասաց նա։

Երկրորդ կարևոր հետևությունը, որը պետք է անել այդ ձայնագրությունից, ըստ Աշոտյանի, այն է, որ «տգետ ու տհաճ վիժվածքը դիտավորյալ տապալել է այդ բանակցային ժառանգությունը՝ դրանով բերելով պատերազմ Հայաստանի ու Արցախի գլխին»։

«Այս ձայնագրությունը նաև ապացուցեց մեկ այլ կարևոր հանգամանք, որ Նիկոլ Փաշինյանը չի դադարել լինել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ աշխատող գործիչ։ Հիշեցնեմ ձայնագրության այդ հատվածը, ըստ որի՝ նա ասում էր՝ ինձ տանում էին մի ճանապարհով, որի վերջը նորից ապրիլյան պատերազմ էր՝ փաստացի մեղադրելով Ռուսաստանին  ապրիլյան պատերազմի մեջ և փաստացի մեղադրելով Ռուսաստանին հնարավոր նոր պատերազմների մեջ։ Հիմա հարց՝ ձեզ թվում է Ռուսաստանի Դաշնությունն այդ ձայնագրության և Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքի մասին իմացել է Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունի՞ց։ Կարծում եմ՝ ոչ ոք միամիտ չէ՝ հասկանալու համար, որ եթե մենք ստացել ենք այդ ձայնագրությունը, ապա Նիկոլ Փաշինյանի հակառուսական գործունեության մասին տոննաներով կոմպրոմոտ Մոսկվան ստանում է առ այսօր»,- նշեց նա։

  • Կիսվել: