Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ. Սիմոնյան
Եթե Տեր-Պետրոսյանն ուզում է իմանալ, թե ինչ է ասել Պուտինը, թող զանգի նրան, ով գրեթե ամեն օր խոսում է Պուտինի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձին՝ կապված Փաշինյանի կողմից Պուտինին դիմելու հետ:
՛՛Փաշինյանի նամակը Պուտինին գրված է ժամանակակից ռուսերենով։ Դրա մասին տեղեկատվությունը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն ժամանակակից հայերենով։ ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հրապարակման, արձագանքել է ժամանակակից ռուսերենով։
Ինչպես տեսնում եք՝ խնդրո առարկա տեքստերը խեթերեն կամ սկյութերեն չեն։ Այնպես որ՝ հայ հանրությունը դրանք հասկանալու համար մեռած լեզուների մասնագետի կարիքը չունի։
Իսկ ՀՀ առաջին նախագահը լավ կլինի հրապարակի ԼՂ հարցի կարգավորման իր պատկերացումը, ստեղծված վիճակից ելքի իր առաջարկը։ Խորհրդավոր ակնարկներ անելու կարիք չկա։ Վարչապետի խոսնակը երեկ հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել առաջարկները։ Առայժմ ստացվել է մեկ առաջարկ՝ մեկնել Մոսկվա։ Վարչապետը հավանության է արժանացրել առաջարկը, որը մինչեւ օրս ի կատար չի ածվել։
Հույս ունենք ոչ այն պատճառով, որ առաջարկն արվել էր մերժվելու կանխավարկածով՛՛,-գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը:
Նրա նամակին պատասխանել են ՌԴ ԱԳՆ-ից:
Այս առնչությամբ Տեր-Պետրոսյանն ասել է.
՛՛Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։
Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։
Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։
Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ՛՛:


