շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե Թաթոյանը այդքան սկզբունքային մարդ էր, խոչընդոտում էին իր աշխատանքը, թող հրաժարվեր իր պաշտոնից. Վիլեն Գաբրիելյան

Եթե Թաթոյանը այդքան սկզբունքային մարդ էր, խոչընդոտում էին իր աշխատանքը, թող հրաժարվեր իր պաշտոնից. Վիլեն Գաբրիելյան

Պետք է մի փաստ արձանագրեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերներն իրականում ճիշտ բաներ էլ են ասում, բայց մի խնդիր կա՝ դա այն է, երբ սկսում են տրվել էմոցիաներին, սկսում են անել քաղաքական շահարկումներ և որոշակի անձնավորված վերաբերմունք ցուցաբերել։

Այսօրվա ԱԺ նիստում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Գաբրիելյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի մի հատվածին. «Ճիշտ բովանդակային ասելիք կա, օրինակ՝ պարոն Մանուկյանը խոսում է մարդկանց ազատությունից զրկելու մասին, որի հետ ես որոշակի առումով համաձայն եմ, դրան առաջիկայում կանդրադառնամ: Բայց, օրինակ, երբ ասում է Արման Թաթոյան, ասում է մի մարդու մասին, որը հանրային պաշտոնը՝ օգտվելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից, օգտագործել է սեփական ապագա քաղաքական ամբիցիաները բավարարելու համար: Երկրորդը՝ Արման Թաթոյանը միակ մարդն է եղել, որը մինչև վերջ պաշտոնավարել է այս երկրում, բա, եթե այդքան սկզբունքային մարդ էր, խոչընդոտում էին իր աշխատանքը, թող հրաժարվեր իր պաշտոնից և ասեր, որ երկրում այսպիսի վիճակ է ստեղծաված, ես մտնում եմ քաղաքականություն և պայքարելու եմ այս իշխանությունների դեմ: Խոսում եք մի Արման Թաթոյանի մասին, ով ինձ մեղադրել է նրանում, որ ես տուն-ինտերնատից ավտոբուսներով հոգեկան հիվանդներ եմ բերել հանրահավաքի ու ընտրությունների, զարմանալի է»:

Անդրադառնալով ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի ելույթին՝ Գաբրիելյանը նշեց. «Տիկին Մանասյան, Դուք ձեր ելույթի մեջ մի արտահայտություն եք արել, որը, իհարկե, ձեր կարծիքն է, բայց ինձ համար դա այնքան էլ ընդունելի չի, խոսքը մասնավորապես նրա վերաբերյալ է, որ դուք ասացիք՝ ես պայքարել բառը չեմ սիրում, մեր ընդհանուր աշխատանքով պետք է խնդիրները լուծվի, աշխատանքի մասով ես միանշանակ համաձայն եմ:

Սակայն, ես պետք է փաստ արձանագրեմ այստեղից, որ իմ կարծիքով պայքարն ընկած է անգամ մարդու ծնունդի ակունքում, ՀՀ-ում այն ազատությունները, այն իրավունքի մակարդակը, որը գոյություն ունի հիմա, դա տասնյակ տարիներ բազմաթիվ սկզբունքային քաղաքացիների անձնուրաց պայքարի շնորհիվ է և այդ առումով ես ինձ միշտ պայքարող տեսակ եմ համարել, միշտ պայքարելու եմ: Ես ձեզ ընտրելու եմ, և ես իմ ընկերներին կոչ եմ անելու ձեզ ընտրել երկու պատճառով՝ ես պետք է կրկին առանձնացնեմ Ձեր կին լինելը, որովհետև ՀՀ-ում մեր հանրության մեջ որոշակի մենթալիտետից ելնելով՝ ես համոզված եմ, որ կանայք շատ ավելի ոչ կոմպրոմիսային են, քան տղամարդիկ, երկրորդ պատճառը՝ դուք 4-5 ամիս է զբաղեցնում եք Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, փաստացի՝ դա բավարար ժամկետ է, որպեսզի Դուք այդ համակարգը ներսից լիարժեք ուսումնասիրած լինեք, ես դրական եմ գնահատում այս փաստը»:

  • Կիսվել: