երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Եթե տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է խնդիր դառնալ թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի համար. Փաշինյան

Եթե տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է խնդիր դառնալ թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի համար. Փաշինյան

Եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է խնդիր դառնալ թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետևանքներով: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, խաղաղությունը կախված է նաեւ մեզնից, մեր դիրքորոշումներից ու իմ անկեղծ մղումն է` ամեն հնարավորն անել Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Կարծում եմ՝ հնարավոր է նման զարգացում, սակայն դրա համար պետք է առերեսվել մի շարք խնդիրների հետ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր եւ երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել։ Իրականում այս մասին Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել ենք Պրահայում և Սոչիում։

Ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի` Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն»,–ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, թե հայկական կողմն է առաջարկել, որ խաղաղության պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ–ների, ԽՍՀՄ կողմից պատրաստված եւ հաստատված քարտեզները` որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: