ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եթե ռուսները կանգնած չլինեին, ինչքա՞ն առաջ կգային ադրբեջանցիները. Աբովյանը՝ Բաբաջանյանին

Եթե ռուսները կանգնած չլինեին, ինչքա՞ն առաջ կգային ադրբեջանցիները. Աբովյանը՝ Բաբաջանյանին

Քանի որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ընթանում են միջպետական որոշակի գործընթացներ, ապա ես համարում եմ, որ նպատակահարմար չէ սեւեռվել այդ գործընթացների վրա: Այս մասին այսօրԱԺ արտահերթ նիստում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը, թե ինչու ԲՀԿ-ի կողմից ներկայացված ԱԺ հայտարարության նախագծում ոչ մի խոսք չկա Ռուսաստանի մասին, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից միայն Ռուսաստանն է, որ չի արձագանքել Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակին:

Ինչպես հիշեցրեց Աբովյանը՝ թե՛ Սյունիքում, թե՛ այն վայրերում, որտեղ գնում է էսկալացիա, կանգնած են ոչ թե ֆրանսիական կամ ամերիկյան զորքեր, այլ կանգնած են մեր ռազմավարական, եղբայրական պետության զինվորները, որոնք մեզ հետ հավասար վարում են աշխատանքներ, պայքարում են առկա խնդիրները լուծելու համար:

Աբովյանն ասաց. ՛՛Ռուսաստանը հաստատ չի լռում, եւ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, կարծում եմ՝ տեղյակ եք, որ բավականին ինտենսիվ գործընթացներ են ընթանում միջպետական մակարդակով:

Բացի դրանից, հիշեցնեմ, որ Սյունիքում տեղակայված են մեր ռազմավարական գործընկերոջ զորքերը եւ հավատացնում եմ ձեզ՝ դա այսօր ամենակարեւոր զսպող հանգամանքն է, որը զսպում է ագրեսորին: Ես համոզված եմ, որ մեր ռուս գործընկերները արել ու կանեն ամեն ինչ, ինչը բխում է ՀՀ եւ հայ ժողովրդի շահերից՛՛:

Բաբաջանյանն էլ արձագանքեց, որ թեև ռուսները Սյունիքում են, ադրբեջանցիներին էլ հաջողվել է 3,5 մետր խորանալ Հայաստանի տարածքում. ՛՛Էլ ինչ պետք է լինի, որ մենք որոշակի վերաբերմունք հայտնենք այս անպատասխանտվության վերաբերյալ: Կա համոզում, որ առանց ՌԴ թողտվության, Ադրբեջանը չէր կարող դիմել այսպիսի արկածախնդրության: Պետք է գոնե մեկ անգամ անկեղծ լինենք՝ Ռուսաստանն այս ամենի մեջ մասնակցություն ունի, թե ոչ՛՛:

Նրան ի պատասխան՝ Աբովյանը նշեց. ՛՛Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանից դուրս, հակահայկական շրջանակների փաստարկները բերվում են որպես հակառուսական բան: Դուք ասում եք՝ ռուսները կանգնած էին 3,5 կմ եկան: Ես էլ ասում եմ՝ եթե ռուսները կանգնած չլինեին, ինչքա՞ն կգային: Այսօր հակառուսական տրամադրություններ գեներացնելը վտանգում է Հայաստանը:

Այսօր ՌԴ-ի հանդեպ յուրաքանչյուր նման արտահայտությունները բացառապես աշխատում են թուրքերի ու ադրբեջանցիների օգտին: Մենք ունենք անվտանգության համակարգ, որը կառուցված է մեր ռազմավարական գործընկերոջ հետ համատեղ գործողությունների շրջանակում

 

  • Կիսվել: