Եթե Քոչարյանը մտահոգիչ կերպար լիներ, Գյումրիում իր թեկնածուները չէին ամաչի իր հետ ասոցացվելուց․ Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ այն խոսակցություններին, թե «ով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերել»:
«Այստեղ է ֆենոմենը, որ ո՛չ Հանարապետականը, ո՛չ Քոչարյանը այլևս երբեք Հայաստանում չեն լինելու իշխանություն։ Այդ ֆենոմենը նրանում է, որ իրենք այդպես էլ չեն հասկացել, թե ով Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, իրենք այդ ֆենոմենը մինչև հիմա չեն հասկանում, որ ուղղակի մարդիկ այդպես որոշեցին, քաղաքացիները դուրս եկան փողոց ու որոշեցին այդպես»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց՝ իշխանություն հանձնող-չհանձնողը, տվող-չտվողը նշված շրջանակը չէ այլևս․ «Ժողովուրդն է, քանի դեռ իրենք չեն հասկացել դա, իրենց ձախողումների շղթան շարունակվելու է»։
Հարցին, իսկ արդյոք իշխանությունը մտահոգվա՞ծ է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից, ըստ որի՝ վերջինս շարունակելու է լինել քաղաքականության մեջ, Ալեքսանյանը արձագանքեց․ «Ոչ, եթե Քոչարյանը մտահոգիչ կերպար լիներ, Գյումրիում իր թեկնածուները չէին ամաչի իր հետ ասոցացվելուց, ամեն կերպ չէին թաքցնի իր հետ ասոցացումը»։