հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ Պապ թագավորի մասին, պարզ է, որ ես պատմության մեջ կլինեմ հերթական «նեռը, դավաճանը և հողատուն». Փաշինյան

Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ Պապ թագավորի մասին, պարզ է, որ ես պատմության մեջ կլինեմ հերթական «նեռը, դավաճանը և հողատուն». Փաշինյան

Թե ինչպիսին ես կմնամ պատմության մեջ, կախված է նրանից, թե ո՛վ կգրի պատմությունը: Այս մասին այսօր ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կցանկանար, որ հիշվեր պատմության դասագրքերում:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես իմ օրինակը չբերեմ, վերադառնանք մեր պատմություն: Օրինակ՝ մեր պատմագրության մեջ ամենանեգատիվ կերպարներից մեը, սատանայական, ազգային արժեքներին ու ավանդույթներին դեմ, համարյա Նեռի հետ համագործակցող՝ դա Պապ թագավորն է: Երբ որ մեր պատմիչին կարդում ես, որը գրել է կոնկրետ տեսակետից, գնահատականներն այն են, որ անբարո, մեղսագործ եւ այլն... Բայց երբ իր գործերը կարդում ես այդ նույն պատմիչի շարադրանքի մեջ, ասում ես՝ բայց այդ մարդը ամենապետականապետ գործիչներից մեկն է: Օրինակ՝ Հայ Առաքելական եկեղեցին իր ավանդույթի ուժով ուղղակի ամենամեծ ու եղկելի թշնամիներից է համարում Պապ թագավորին:

Բայց այդ մարդն ի՞նչ է արել. ըստ էության՝ Հայ Առաքելական եկեղեցու քաղաքական անկախությունն ու ինքնուրույնությունը տվել է Պապ թագավորը: Հասկանում ենք, որ ինստիտուցիոնալ մտածող ու պետության արժեքը իմացող մարդու հետ գործ ունենք, որն այդ ավանդույթը դրել եւ դարձել է ամենաեղկելի մարդը: Ինձ համար Պապ թագավորը մեր պատմության առանցքային կետերից մեկն է: Իր հետ այս ի՞նչ տեղի ունեցավ. հայ էլիտայի մասնակցությամբ կուսակալը Պապ թագավորին հրավիրեց ճաշի, եւ ճաշի սեղանի շուրջ սրախողխող արեցին:

Այսօր մենք Հոկտեմբերի 27-ի մասին ենք խոսում, էդ Հոկտեմբերի 27-ից մեկը Պապ թագավորի սպանությունն է եղել, բայց դա մեկ օրում չի եղել, մատնագրեր են գրվել, հակաքարոզչություն է եղել, որ սա սատանայի ծնունդ է, նեռի գործակից, եւ հայ էլիտայի մասնակցությամբ տարել մատաղ են արել Բյուզիանդիայի կայսրությանը»:

Վարչապետի խոսքով՝ եթե պատմությունը գրի այն նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է, որ ինքը նույնպես որպես «նեռ, դավաճան եւ հողատու» կներկայացվի:

«Պարզ է, որ ես պատմության մեջ կլինեմ հերթական նեռը, սրբապիղծը, հողատուն, չգիտեմ ինչը, ինչ ուզեք: Իսկ եթե պատմությունը կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային ուղենիշը եւ արժեքը Հայաստանի Հանրապետությունն է, կասի, որ մարդ էր, որ ուզում էր եւ բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ եւ ժողովրդավարական պետություն: Ստացվեց, թե չստացվեց, դա էլ պատմությունը ցույց կտա»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: