ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե պատգամավորը համաձայն չէ իր թիմի հետ, ճիշտ որոշում է մանդատը դնել և հեռանալը. Գորգիսյանը՝ Գայանե Աբրահամյանի մասին

Եթե պատգամավորը համաձայն չէ իր թիմի հետ, ճիշտ որոշում է մանդատը դնել և հեռանալը. Գորգիսյանը՝ Գայանե Աբրահամյանի մասին

«Ես մանրամասներին չեմ տիրապետում, գիտեի, որ որոշակի ներքին անհամաձայնություն ունի տիկին Աբրահամյանը որոշակի պրոցեսների հետ»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» 7-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքների քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով Գայանե Աբրահամյանի պատգամավորական մանդատը վայր դնելու փաստին։

«Բայց պիտի ասեմ, որ նորմալ քաղաքական պրոցես է, խորհրդարանի ցանկացած խմբակցությունում կլինեն պատգամավորներ, որ մանդատը վայր կդնեն, կլինեն, որ մանդատը վայր չեն դնի, բայց խմբակցությունից դուրս կգան: Դրանից մեծ թեմա, իմ կարծիքով, պետք չի սարքել: Ինձ համար անակնկալ էր, անկեղծ եմ ասում, նոր իմացա ու պարոն Մելքումյանն էլ տեղեկացրեց, բայց նորմալ, առողջ պրոցես է, որևէ խնդիր չկա»,- նշեց իմքայլական պատգամավորը։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, մանդատը վայր դնելն իր բացատրությունն ունի. «Իհարկե, այսօր, երբ մեր քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ այս դատական գործընթացն է գնում, մեր խմբակցության որևէ անդամ չի կարող անտարբեր լինել։ Ես կարծում եմ՝ հստակ պետք է իշխանությունը հասկանա, որ դատական գործընթացները չպետք է քաղաքական շարժառիթներով ու նպատակներով կառավարի: Շատ բաներ իրար հետ համադրվում են, ինչ-որ երևույթների կիզակետին արագացված գործընթացներ են գնում: Համենայնդեպս, մեր քաղաքական ուժը կանգուն է»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ Գայանե Աբրահամյանին մաղթում է հաջողություն իր հետագա գործունեության մեջ, որտեղ էլ նա կլինի:

«Ողջունում եմ նրա սկզբունքային մոտեցումը։ Եթե պատգամավորը համաձայն չէ թիմի հետ, դա ճիշտ որոշում է մանդատը դնել ու հեռանալը»,- նշեց նա։


  • Կիսվել: