ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, ճանապարհն անիմաստ է լինելու. Ալեն Սիմոնյան

Եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, ճանապարհն անիմաստ է լինելու. Ալեն Սիմոնյան

Հայաստանը կողմնակից է բոլոր ճանապարհների ապաշրջափակմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Եթե մենք խոսում ենք  խաղաղության մասին, ապա սուր նախապայմաններ դնելը, լարվածությունը չիջեցնելու տրամաբանության մեջ հավերժ ապրելը…, եթե պատերազմի վիճակում ենք ապրելու, ճանապարհը, ինչ էլ ուզում է լինի, անիմաստ է լինելու, լավ կլինի, որ ադրբեջանական կողմն այս ամենը հասկանա», - նշեց նա:

Սիմոնյանը կարծում է, որ Ադրբեջանն ուզում է իրավիճակից ամեն ինչ հնարավորինս շատ ստանալ, ինչը հասկանալի է:

«Իրենք, ենթադրաբար, չեն ուզում կրկնել այն սխալները, որոնք մենք ունեցել ենք 1990-ականների սկզբին, միևնույն  ժամանակ, կարծում եմ, որ իրենք իրենց սխալներն ունեն ու շատ բաներ հաշվի չեն առնում, բայց դա պատմությունը ցույց կտա», - ասաց  ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝  ռուսական կողմը նոյեմբերի 9-ի շրջանակում ունի պարտավորություններ, օրինակ, Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը ապահովելու, ինչը չի կատարվում:

«Արդյո՞ք քաղաքական լծակներ կան, որ պետք է օգտագործվեն, այո՛, կան, արդյո՞ք ես գնահատում եմ, որ այդ քաղաքական լծակները մեր գործընկերոջ կողմից բավարար չափով չեն կիրառվում, այո՛, ես այդպես եմ համարում, կարելի է ավելի շատ քաղաքական լծակներ կիրառել, որ հարցը լուծվի», - ընդգծեց ԱԺ նախագահը:

Հարցին, թե տեղեկություններ կան, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի փաստաթղթի՝  ՀՀ-ի կողմից վերամշակված 4-րդ տարբերակին դեռ չի պատասխանել, Սիմոնյանը նշեց, որ գուցե և այդպես է, ինքը ժամկետերին չի տիրապետում, բայց ինտրիգ պետք չէ փնտրել գործընթացում։ 

  • Կիսվել: