շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե պահանջը լինի, կմասնակցենք ընտրություններին և կունենանք վարչապետի մեր թեկնածուն․ Թովմասյան

Եթե պահանջը լինի, կմասնակցենք ընտրություններին և կունենանք վարչապետի մեր թեկնածուն․ Թովմասյան

 Մենք ակտիվ փուլում ենք, քննարկում ենք, հանդիպումներ ենք անցկացնում, փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի չսխալվենք մեր թիմակիցների հարցում։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ովքեր են ընդգրկվում իր քաղաքական թիմում։

«Ունենում ենք հազարավոր նամակներ և առաջարկություններ, ովքեր իրենց մասնակցության ցանկությունն են հայտնում։ Իհարկե, դա երեք կամ հինգ օրվա աշխատանք չէ։ Կքննարկենք և կասենք՝ ովքեր են լինելու մեր թիմում»,- նշեց նա։

Թովմասյանի խոսքով՝ պետք է խորհրդարանի որոշ անդամների գիտակցությունը այնքան բավարարի, որ նրանք չկառչեն իրենց աթոռներից, այլ ազգի համար ամենակարևոր ժամանակահատվածում ճիշտ քայլի դիմեն և հրաժարական տալով կազմակերպեն թափանցիկ, անկախ ընտրություններ․

«Ինչպես վարչապետը ժամանակին ասաց, որ ես եկել եմ ոչ թե կառչելու իմ աթոռից, այլ երբ չկարողանամ մի բան անել, թողնելու եմ գնամ։ Հիմա տեսնում ենք հակառակը»։

Վերջինս նշեց նաև, որ երբեք վարչապետի պաշտոնը, կամ այլ պաշտոններ զբաղեցնելու հավակնություններ չի ունեցել, և հիմա էլ չունի, սակայն եթե դրա կարիքը լինի, պահանջը լինի, կմասնակցեն ընտրություններին և կունենան վարչապետի իրենց թեկնածուն։


  • Կիսվել: