հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե որևէ ուժ փորձի շեղվել քաղաքական պայմանավորվածությունից, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ. Փաշինյան

Եթե որևէ ուժ փորձի շեղվել քաղաքական պայմանավորվածությունից, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ կընտրի վարչապետ. Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստվում է հրաժական տալ ապրիլի վերջին տասնօրյակում:

Նա նշեց, որ հրաժարականից հետո 7-րդ օրը, համաձայն Հանրապետության նախագահի և խորհրդարանական ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, տեղի կունենա վարչապետի ընտրություն:

՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության կողմից ես կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, մյուս ուժերը, ըստ պայմանավորվածության, թեկնածու չեն առաջադրի, ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի, երկրորդ անգամ ես նորից կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, էլի այլ թեկնածու չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, ԱԺ-ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, և կնշանակվեն ընտրություններ հունիսի 20-ին՛՛,- ասաց Փաշինյանը:

Խոսելով հնարավոր ռիսկերի մասին՝ Փաշինյանն ասաց, որ այն ուժերը, որոնք կգնան այլ ճանապարհով և ժողովրդի առջև ստանձնած քաղաքական պայմանավորվածություններից կփորձեն շեղվել, քաղաքական ինքնասպանություն կգործեն, հետևաբար, ըստ Փաշինյանի, ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությունն իրեն կընտրի վարչապետ, և դրանով թեման կփակվի:

Նա նշեց. ՛՛Կարծում եմ՝ որևէ մեկը քաղաքական ինքնասպանության փորձ չի անի՛՛:

Վարչապետի խոսքով՝ հետընտրական գործընթացներ տեղի չեն ունենա, քանի որ իշխանությունը չի կեղծելու ընտրությունների արդյունքները: Նա ասաց. ՛՛Ես ասել եմ, որ մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց քաղաքացու քվեին չենք կպնի՛՛:

Փաշինյանը միևնույն ժամանակ նշեց նաև, որ այսօր արդեն երկրում կա համապատասխան մթնոլորտ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, և ինքն այլևս այդ առումով մտահոգություն չունի:

  • Կիսվել: