երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Եթե նույնիսկ մեր նկատմամբ հանրությունը կորցնի էլ վստահությունը, հաստատ չի հավաքվի Սարգսյան-Քոչարյան առանցքի շուրջ. Հովիկ Աղազարյան

Եթե նույնիսկ մեր նկատմամբ հանրությունը կորցնի էլ վստահությունը, հաստատ չի հավաքվի Սարգսյան-Քոչարյան առանցքի շուրջ. Հովիկ Աղազարյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վստահ է՝ Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» շարժումն ու երեկ նրա հավաքին մասնակցած գործիչները գործող իշխանության համար մրցակիցներ չեն։ Բայց նաև ընդունում է՝ այնտեղ հավաքվել են քաղաքական երկար ճանապարհ անցած մարդիկ։

«Այդ հավաքին մասնակցել են քաղաքական անցյալ ունեցող մեր հայրենակիցները, որոնք ըստ երևույթին, գտնում են, որ իրենց հավաքական ուժերով կարող են իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը», - PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով, այդ անձինք չեն կարող մրցակից լինել գործող իշխանություններին մեկ պարզ պատճառով՝ նրանք նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի առանցքի շուրջ գտնվող մարդիկ են, որոնք հանրությունը մերժել։

«Մեր հասարակական քաղաքական կյանքում կան շատ ուրիշ ուժեր, անհատներ, որ մեր նկատմամբ հասարակական վստահության պակասի դեպքում հանրությունը կհամախմբվի այդ անձանց շուրջ և ոչ թե Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մերձավորների։ Այսինքն՝ վերադարձ անցյալին չի կարող լինել», -հայտարարեց Հովիկ Աղազարյանը։ Իշխանական պատգամավորի մոտ ժպիտ է առաջացնում Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, թե գործող իշխանությունը բռնատիրության հաստատման ճանապարհին է։

«Բռնատիրության դեպքում Վազգեն Մանուկյանին այսքան կլուսաբանեի՞ն։ Իշխանական ուժն անգամ սեփական հեռուստաընկերություն, լրատվամիջոց չունի, ինչի՞ մասին է խոսքը։ Բայց լրատվամիջոցների գերակշռող մեծամասնությունը գիտենք՝ ում է պատկանում, որ գործիչների ազդեցության տակ են», - նկատեց Աղազարյանը։

Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ, ՀԽ նախագահի պաշտոնից հրաժարական տված Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 15 անց կացրեց իր կողմից հիմնված «Վերնատուն» ակումբի անդրանիկ նիստը, որին ներկա էին նախկին իշխանության շատ գործիչներ, նախկին պաշտոնյաներ։ Նրանց քննադատության թիրախը բացառապես գործող իշխանությունն էր։

  • Կիսվել: